Հայաստանի հետ համագործակցությունը «Եվրասիա» ՀԿ-ի գործունեության առաջնահերթ ուղղություններից է․ Ալյոնա Արշինովա

16 Հոկտեմբերի 2026, 20:50

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան «Եվրասիա» միջազգային մրցանակաբաշխության հանձնման արարողության շրջանակում Alpha News-ին տված մեկնաբանությունում անդրադարձել է Ռուսաստանի և եվրասիական երկրների, մասնավորապես՝ Հայաստանի միջև հումանիտար կապերի պահպանման գործում մրցանակի դերին։ Նա նաև պատմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված մարդասիրական օգնության մասին։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի և նրա բնակիչների հետ համագործակցությունը «Եվրասիա» ՀԿ-ի գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Նա նաև պատմել է մարդասիրական աջակցության ծրագրի մասին, որի շրջանակում օգնություն է տրամադրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 40 հազար անձի։

««Եվրասիա»-ի համար Հայաստանի և նրա բնակիչների հետ համագործակցությունն առաջնահերթ նշանակություն ունի, քանի որ Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, իսկ նրա բնակիչներն օտար չեն մեզ համար։ Ժամանակին մենք ապրել ենք մեկ ընդհանուր պետությունում, որը տարբեր ժամանակներում տարբեր անուններ է կրել՝ Խորհրդային Միություն և Ռուսական կայսրություն։ Այսօր մենք ապրում ենք տարբեր պետություններում, սակայն շատ կարևոր է պահպանել ջերմ, բարեկամական հարաբերությունները, չկորցնել ռուսաց լեզուն և անհրաժեշտության դեպքում օգնել միմյանց։

Վերջերս «Եվրասիա» ՀԿ-ն, Ռուսաստանի մարդասիրական առաքելության հետ համատեղ, կարողացավ օգնել Հայաստանում գտնվող՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 40 հազար մարդու։ Նրանք մարդիկ են, որոնք երբեմն ստիպված էին լինում միայնակ մնալ իրենց խնդիրների հետ։ Իհարկե, մենք հասկանում էինք, որ Հայաստանի ժողովուրդն անտարբեր չէր և անում էր հնարավոր ամեն ինչ, սակայն մենք ևս չէինք կարող անմասն մնալ։ Ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք մասնակցելու այս աշխատանքին։

Կամավորները, Հայաստանի բնակիչները, Ռուսաստանի մարդասիրական առաքելությունն ու «Եվրասիա» ՀԿժն միասին արեցին ամեն ինչ, որպեսզի օգնությունը հասնի 40 հազար մարդու։ Այս ամենը, ըստ էության, փոխանցվում էր սրտից սիրտ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում այն կամավորներին, որոնք արձագանքեցին մեր կոչին և օգնեցին կյանքի կոչել «Եվրասիա»-ին և Ռուսաստանի մարդասիրական առաքելության անունից իրականացվող այս նախաձեռնությունը։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր բարերարներին, որոնք ապահովեցին բեռների տեղափոխումը և օգնեցին կազմակերպել մեծածավալ մատակարարումը, որը զգալի ծախսեր էր պահանջում», — ասել է Արշինովան։