Եթե ԵԱՏՄ-ին ավելի շատ տալիս ենք, քան ստանում, ո՞րն է այդ միության օգուտը․ Խաչատրյանը՝ Պապոյանին
06 Նոյեմբերի 2026, 11:57
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ հանձնաժողվի նիստում հարց է ուղղել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ փորձելով պարզել, թե ինչ օգուտ է ստանում Հայաստանը ԵԱՏՄ անդամակցությունից, եթե, նախարարի ներկայացմամբ, միությանն ավելի շատ է տալիս, քան ստանում։
«Եթե մենք ավելի շատ տալիս ենք, քան ստանում ենք, նշանակում է՝ ԵԱՏՄ-ն մեզ համար օգտակար չէ։ Հիմա փորձենք հասկանալ՝ խնդիրն ինչում է։ Եթե այսպես եք ներկայացնում, որ մենք ավելի շատ տալիս ենք, քան ստանում, նշանակում է՝ անկախ սանկցիաներից՝ մեր համար խնդիր կա»,- ասել է Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ եթե Հայաստանը չի օգտվում ԵԱՏՄ անդամակցության առավելություններից, բայց կրում է դրա հետ կապված բացասական հետևանքները, ապա պետք է հասկանալ՝ որն է միությանն անդամակցելու տնտեսական շահը։
Խաչատրյանը նաև անդրադարձել է տնտեսական վեճի քննարկումը մեկ շաբաթով հետաձգելու որոշմանը՝ հետաքրքրվելով, թե ինչու է կառավարությունը նման որոշում կայացրել։
Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ հարցի քննարկումը հետաձգել են՝ այն իրենց համար առավել հարմար պահին և իրավիճակում քննարկելու, ինչպես նաև առավելագույն արդյունքի հասնելու նպատակով։
Նախարարն իր հերթին պնդել է որ Հայաստանը ԵԱՏՄ-ումմեծ ներդրում ունի, և, մասնավորապես, գազի գնի հարցում երկիրը պետք է ավելի մեծ փոխհատուցում ստանար։