Ադրբեջանը ՀՀ-ի հետ իրավահավասար հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն չի ցուցաբերում․ Կիրիլ Կաբանով

16 Հոկտեմբերի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությանն՝ ուղղված Հայաստանի գործող իշխանություններին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին։

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանն իրեն համարում է հաղթող կողմ և մտադիր է շարունակել ուժի ցուցադրումն ու սեփական շահերի պաշտպանությունը։

«Ցանկացած հակամարտության դեպքում, երբ կա պարտվող և հաղթող, հաղթող կողմը թելադրելու է իր պայմաններն ու շարունակելու է գերիշխել։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Կարծում եմ՝ այսօր սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը հաղթել է և այսուհետ ևս Հայաստանին թելադրելու է իր կամքը։ Սա կարգավորված հակամարտություն չէ, այլ հաղթած հակամարտություն։ Եվ հաղթող կողմը թելադրելու է իր պայմանները։ Ինչ վերաբերում է ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներին, ապա կարծում եմ, որ այդ հարցերը պետք է քննության առնվեն համապատասխան միջազգային կառույցների կողմից», — նշել է Կաբանովը։

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի կողմից չեն նկատվում Հայաստանի հետ բարեկամական, գործընկերային և իրավահավասար հարաբերություններ հաստատելու պատրաստակամության իրական նշաններ։

«Ես Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ որևէ բարեկամական, գործընկերային կամ հավասարազոր վերաբերմունքի դրսևորում չեմ տեսնում։ Երբ խոսում ենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում այսօր, պետք է հասկանալ, որ հաղթող կողմը շարունակելու է թելադրել իր պայմանները», — հավելել է Կաբանովը։