Ադրբեջանի մասին սկսել են խոսել միայն 20-րդ դարի սկզբին․ Ալեքսանդր Ցինկեր
16 Հոկտեմբերի 2026, 22:30
Քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությունն՝ ուղղված Հայաստանի գործող իշխանություններին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարները։
Փորձագետի կարծիքով՝ Բաքուն չի ցուցաբերում հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքելու ձգտում և շարունակում է նոր պայմաններ առաջ քաշել, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության և սահմանազատման վերաբերյալ։
«Ադրբեջանը և նրա ղեկավարը շարունակում են վարել իրենց քաղաքականությունը։ Ես վաղուց էի զգում, որ Ադրբեջանն առանձնապես շահագրգռված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Ամեն անգամ նա ինչ-որ նոր պայմաններ է առաջ քաշելու՝ թե՛ Սահմանադրության, թե՛ սահմանների վերաբերյալ, երբ քննարկվեն սահմանազատման վերջնական հարցերը։ Այստեղ զարմանալի ոչինչ չկա», -նշել է Ցինկերը։
Փորձագետի խոսքով՝ Բաքվի քաղաքականության վրա կարող է ազդել Հայաստանի պատմական ժառանգության և դարավոր պետականության նկատմամբ վերաբերմունքը։
«Անկեղծ ասած՝ ես զարմացա։ Ի վերջո, հաղթանակից հետո, իսկ Ադրբեջանը, ըստ էության, հաղթեց պատերազմում՝ զավթելով Լեռնային Ղարաբաղի տարածքը և շուրջ 100 հազար հայի ստիպելով լքել իրենց հայրենիքը, որտեղ ապրել էին, կարելի էր կարծել, թե հաղթողն իրեն մի փոքր այլ կերպ պետք է պահեր։ Հիշելով Եվրոպայում տեղի ունեցած պատերազմների պատմությունը՝ կարելի է ասել, որ հաղթողները սովորաբար այլ կերպ էին վարվում։ Մինչդեռ այստեղ ես Ադրբեջանի ղեկավարի մոտ ինչ-որ խնդիր եմ նկատում։
Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք մեկ խնդիր ունեն՝ Հայաստանի պատմությունը, նրա հնագույն պատմությունն ու քարտեզների վրա արտացոլված՝ հինավուրց պետություն լինելու հանգամանքը։ Հայաստանի մասին խոսում են, գրում են։ Իսկ Ադրբեջանը, որպես կազմավորում, անհասկանալի է՝ ինչ է իրենից ներկայացնում, քանի որ նրա մասին սկսել են խոսել միայն 20-րդ դարասկզբին։ Եվ այդ թերարժեքության զգացումը, կարծում եմ, ինչ-որ կերպ ազդում է Ադրբեջանի ղեկավարության բոլոր այն քայլերի վրա, որոնց ականատեսն ենք մենք», — ընդգծել է Ցինկերը։