Մոսկվայում տեղի է ունեցել «Եվրասիա» միջազգային մրցանակաբաշխության արարողությունը
16 Հոկտեմբերի 2026, 19:10
Մոսկվայի «Ռոսիա» ազգային կենտրոնում տեղի է ունեցել «Եվրասիա» միջազգային մրցանակաբաշխության արարողությունը, որի նպատակն է աջակցել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք նպաստում են Եվրասիա մայրցամաքի երկրների զարգացմանը։ Մրցույթին ներկայացվել է ավելի քան 5 500 հայտ՝ 73 երկրից, այդ թվում՝ Հայաստանից։
Արարողության մասնակիցներին ողջունել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն՝ ընդգծելով Եվրասիայի առանձնահատուկ դերը ժողովուրդների և քաղաքակրթությունների միավորման գործում։
«Եվրասիան մեր տունն է՝ աշխարհի ամենամեծ և հարուստ մայրցամաքը, որտեղ ձևավորվել են մի քանի մեծագույն՝ հազարամյակների պատմություն ունեցող քաղաքակրթություններ։ Ուրախալի է, որ համանուն մրցանակը, բարեկամության և ստեղծարարության գաղափարների շուրջ համախմբելով ավելի ու ավելի շատ մարդկանց, նպաստում է միջազգային հումանիտար համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ընդհանուր մշակութային, պատմական և հոգևոր ժառանգության պահպանմանը», — ասել է Լավրովը։
Մրցանակները հանձնվել են 10 անվանակարգերում՝ ռուսաց լեզվի տարածման, ավանդական արժեքների պահպանման, ինչպես նաև մշակույթի և կրթության զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մրցանակաբաշխության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 17 միլիոն ռուբլի։ «Սրտի կանչով» անվանակարգում բաց միջազգային քվեարկության հաղթող է ճանաչվել բժիշկ-ֆլեբոլոգ Խաչատուր Կուրղինյանը՝ «Ֆլեբոլոգիան առանց սահմանների» նախագծով։
«Եվրասիա» մրցանակի դեսպան Տիգրան Քոչարյանը նշել է, որ կազմակերպության գործունեության մեկնարկը Հայաստանում նոր և հետաքրքիր երևույթ էր, իսկ այսօր արդեն կարելի է խոսել դրա աշխատանքի արդյունքների մասին։
«Երբ «Եվրասիան» նոր էր սկսել իր գործունեությունը Հայաստանում, դա նոր և հետաքրքիր երևույթ էր, իսկ այսօր մենք արդեն տեսնում ենք այդ աշխատանքի արդյունքները», — ասել է Քոչարյանը։
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը կազմակերպության գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Նա նաև պատմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված մարդասիրական նախաձեռնության մասին։
«Հայաստանի հետ համագործակցությունը մեր գործունեության առաջնահերթ ուղղություններից է, քանի որ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ «Եվրասիա» կազմակերպության համար կարևոր և նշանակալի էր աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց», — ասել է Արշինովան։
«Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության խորհրդի անդամ Միքայել Բադալյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մրցանակաբաշխությունը միավորում է տարբեր երկրների համախոհներին և փորձի փոխանակման հնարավորություններ ստեղծում:
«Սա մեկ վայրում հարյուրավոր մարդկանց համախմբելու հնարավորություն է, որոնք միավորում է ընդհանուր գաղափարը»,- նշել է Բադալյանը։
Մրցանակաբաշխության արարողությանը և դափնեկիրների շնորհավորանքին մասնակցել է նաև «Россия сегодня» մեդիախմբի ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր, «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամ Մարգարիտա Սիմոնյանը։
Միջոցառումն ուղեկցվել է մուլտիմեդիա ներկայացմամբ, ինչպես նաև երաժշտական ու պարային համարներով։ «Եվրասիա»-ն միավորում է տարբեր երկրների ներկայացուցիչների, որոնք իրականացնում են սոցիալական նշանակություն ունեցող նախաձեռնություններ և զարգացնում մասնագիտական ու հումանիտար կապերը։