«Երևան Ուելնես»-ի լողավազանում քլորի բարձր խտության պատճառով բուժօգնություն է ստացել 5 անձ, այդ թվում՝ 4 երեխա

16 Հոկտեմբերի 2026, 21:15

Հասարակություն

«Երևան Ուելնես» մարզաառողջարանային համալիրի (նախկինում՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես») լողավազանում քլորի բարձր խտության պատճառով բուժօգնություն է ստացել 5 անձ՝ 4 երեխա և մեկ մեծահասակ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։

Նրա խոսքով՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեպքի վայր է հրավիրվել շտապօգնության բրիգադը, իսկ տուժածներին, ապահովության նկատառումներից ելնելով, լրացուցիչ թթվածին է տրամադրվել։

«Բուժօգնություն է ցուցաբերվել հինգ անձի, որոնցից 4-ը երեխաներ են, իսկ 1-ը՝ մեծահասակ։ Նա ազգությամբ հնդիկ է, աշխատակիցներից մեկն է»,– նշել է Ազարյանը։

Երեխաները գանգատվել են քլորի ուժեղ հոտից և կոկորդում քերծվածքի զգացողությունից։

Համալիրի աշխատակցի մոտ արձանագրվել են աչքերի թեթև մրմռոց, հազ, թուլություն, փսխում, օդի անբավարարության զգացում և գլխապտույտ։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հիմա եթերում