Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան

24 Հոկտեմբերի 2026, 16:30

Միջազգային

Շաբաթ առավոտյան Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան՝ քաղաքում սպասվող զանգվածային բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին հայտնել է Փարիզի տրանսպորտի ինքնավար գործակալությունը՝ RATP-ն։

Նշվում է, որ այսօր ևս Ֆրանսիայում զանգվածային ցույցեր կանցկացվեն, որոնց կմիանան արհմիությունները, դպրոցականներն ու ուսանողները, ինչպես նաև «դեղին ժիլետների» շարժման մասնակիցները։ Նրանք բողոքում են կյանքի թանկացման և կրթության ոլորտում իրավիճակի վատթարացման դեմ։ 

«Ոստիկանության պրեֆեկտուրայի պահանջով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետևյալ կայարանները շաբաթ՝ հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 09:00-ից փակ կլինեն»,- ասվում է RATP-ի կայքում։

Այնուհետև ներկայացվում է 24 կայարանների ցանկը, որոնց մեծ մասը գտնվում է Փարիզի կենտրոնում։ Բացի այդ, գործակալությունը նախազգուշացրել է մի շարք հատվածներում գնացքների երթևեկության խափանումների մասին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզի մի շարք թանգարաններ, այդ թվում՝ Լուվրը, շաբաթ օրը փակ կլինեն՝ Ֆրանսիայում նախատեսված լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին։

Բողոքի ցույցերը Ֆրանսիայում սկսվել են սեպտեմբերի կեսերին, երբ Փարիզի արվարձաններում փողոց են դուրս եկել ավագ դասարանների աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների վիճակը։ Հետագայում նրանց միացել են երկրում գների բարձրացումից դժգոհ քաղաքացիները, իսկ բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ շրջաններում։

Ամենամարդաշատը հոկտեմբերի 17-ին անցկացված համազգային ցույցն էր։ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալներով՝ դրան մասնակցել է շուրջ 550 հազար մարդ։ Ֆրանսիայի իրավապահները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։