Հայկական «Massis Kabob» ռեստորանային ցանցը 8-րդ մասնաճյուղը կբացի Hollywood Burbank օդանավակայանում
25 Հոկտեմբերի 2026, 19:40
Հայկական «Massis Kabob» ռեստորանների ցանցն իր ութերորդ մասնաճյուղը կբացի ԱՄՆ-ի Hollywood Burbank օդանավակայանի նոր տերմինալում։ Սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան օդանավակայանում կգործի հայ գործարարներին պատկանող ռեստորան։
Նոր մասնաճյուղի բացումը համընկնում է ընկերության հիմնադրման 50-ամյակի հետ։ Ընկերությունը 1976 թվականին հիմնադրել է Հակոբ «Ջեք» Բաղդասարյանը։ Նա իր բիզնեսը սկսել է Գլենդելի «Galleria» առևտրի կենտրոնում գտնվող փոքրիկ տաղավարից, իսկ այսօր ցանցը ղեկավարում են նրա որդիները՝ Փիթերը և Գևիկ Բաղդասարյանները։
1,3 միլիարդ դոլար արժողությամբ օդանավակայանի նոր տերմինալը շահագործման է հանձնվել 2026 թվականի հոկտեմբերին։ «Massis Kabob»-ից բացի՝ այստեղ գործում են սննդի և ըմպելիքների ավելի քան տասը կետեր, այդ թվում՝ «Jones Coffee Roasters»-ը, «Poquito Mas»-ը և «SmashBurger»-ը։ Օդանավակայանի սեփականատերերից մեկը Գլենդել քաղաքն է, որտեղ բնակվում է ԱՄՆ-ի ամենամեծ հայկական համայնքներից մեկը։