Նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց մեղավոր ներկայացնելը. Լևոն Քոչարյանը՝ Հոկտեմբերի 27-ի գործի մասին
27 Հոկտեմբերի 2026, 14:40
Ինձ և մեր ընտանիքի համար շատ անընդունելի ու վիրավորական է, երբ այս ամենի մեջ փորձում են մեղավորության սլաքներն ուղղել այլ կոնտեքստում։ Բացի այն, որ դա ծանր օր էր մեր պետականության և երկրի համար, այն նաև անձնական ողբերգություն էր մեր ընտանիքի համար, քանի որ զոհվել են նաև մեր ընտանիքի ընկերները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործին և դրա հնարավոր պատվիրատուների վերաբերյալ քննարկումներին։
Նրա խոսքով՝ ողբերգությունից հետո նախաքննությունն իրականացվել է այն մարդկանց վերահսկողության ներքո, որոնց հարազատները զոհվել էին ահաբեկչության հետևանքով։ Քոչարյանը հիշեցրել է նաև, որ գործի քննությունը ղեկավարել է Գագիկ Ջհանգիրյանը, որը նշանակվել էր Վազգեն Սարգսյանի ընտանիքի ցանկությամբ, իսկ հետագայում բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև ներկայիս իշխանությունների օրոք։
«Հարցը կարծես այնպես է տրվում, որ արդեն իսկ փաստ է՝ եղել է ինչ-որ պատվիրատու, որը չի բացահայտվել։ Անկեղծ եմ ասում՝ ես չգիտեմ՝ դա այդպես է, թե ոչ, բայց գիտեմ, որ այդ օրը ոճրագործությունն իրականացրած անձինք ողջ ձերբակալվել են, և նրանցից մի մասն առ այսօր պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկներում»,- նշել է նա։
Լևոն Քոչարյանը կասկածի տակ է դրել նաև ներկայիս իշխանությունների՝ գործի չբացահայտված հանգամանքները պարզելու իրական ցանկությունը։
«Եթե ելնում ենք նրանից, որ ինչ-որ բան բացահայտված չէ, և իշխանությունն ուզում է բացահայտել, ապա ես չեմ կարծում, որ դա է նրանց մոտիվացիան։ Ինչպես շատ այլ գործերի դեպքում, այդ թվում՝ Մարտի 1-ի, կարծում եմ՝ այս իշխանությունների նպատակը ոչ թե ինչ-որ բան բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց մեղավոր ներկայացնելը, ապա այդ ենթադրություններին իրավական հիմնավորումներ տալը»,-ասել է պատգամավորը։