Փաշինյանը փորձում է օգուտ քաղել թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից, բայց պարտվելու վտանգի տակ է․ Բորիս Շմելյով
27 Հոկտեմբերի 2026, 21:30
Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու հնարավոր հետևանքների վերաբերյալ կազմակերպության անդամ երկրների զեկույցը և դրան Հայաստանի իշխանությունների արձագանքը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի գլխավոր գիտաշխատող, քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Բորիս Շմելյովը։
«Փաշինյանը ցանկանում է իր վարած բազմավեկտոր քաղաքականության շրջանակում գումարներ ստանալ թե՛ Ռուսաստանից, թե՛ ԵԱՏՄ-ից, թե՛ Արևմուտքից։ Այսինքն՝ նա ցանկանում է հնարավորինս թանկ վաճառել իր աշխարհաքաղաքական դիրքը թե՛ Ռուսաստանին ու ԵԱՏՄ-ին, թե՛ Արևմուտքին։ Սա զուտ առևտրային մտածելակերպ է, և նա փորձում է դրանից շահույթ ստանալ։
Դժվար է այս պահին ասել, թե դա ինչի կհանգեցնի, սակայն միանգամայն ակնհայտ է, որ եթե նա ժամանակին կանգ չառնի, խնդիրներ կունենա ԵԱՏՄ-ի, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում։ Այդ դժվարությունների առաջին նշաններն արդեն ի հայտ եկան ամռանը, երբ հայկական բանջարեղենի, մրգի և կոնյակի մուտքը ռուսական շուկա սահմանափակվեց։
Խնդիրներն ավելի են խորանալու, քանի որ Հայաստանը չի կարողանա փոխարինել ռուսական շուկան։ Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը և մյուս երկրները հեռու են, նրանց հայկական միրգն ու բանջարեղենը, այդ թվում՝ ելակը, բոլորովին պետք չեն։ Նույնը վերաբերում է նաև կոնյակին», — ասել է Բորիս Շմելյովը։
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական երկու ուղղություններից միաժամանակ օգուտ ստանալու Հայաստանի փորձը կարող է ի վերջո Փաշինյանի համար կորուստներով ավարտվել։
«Ինչ վերաբերում է ներդրումներին, այո՛, Արևմուտքը, սկզբունքորեն, կարող է նման ներդրումներ կատարել, սակայն Հայաստանը ներդրումներ է ստանում նաև Ռուսաստանից։ Հետևաբար, կարծում եմ, որ երկու կողմերից միաժամանակ օգուտ ստանալու այս պայքարում Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ընդհանուր հաշվեկշռի արդյունքում պարտվողի դերում կհայտնվի», — ընդգծել է Շմելյովը։