Ռելսերը վերականգնվող ռեսուրս են․ Արցախն ու հազարավոր տղաներին կարո՞ղ եք վերականգնել. Քրիստինե Վարդանյան

27 Հոկտեմբերի 2026, 20:23

Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մի կողմ թողնելով երկրում առկա բոլոր խնդիրները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, զբաղված է ընդդիմափոխությամբ։ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։

Նրա խոսքով՝ իշխանության միակ խնդիրն իրենց հետ չպայմանավորվող ընդդիմությունն է։

«Դուք ձեզ պես ներողություն խնդրող ընդդիմություն եք փնտրում»,- նշել է նա։

Անդրադառնալով ԹՐԻՓՓ ծրագրին և իշխանության մեղադրանքներին՝ պատգամավորն ընդգծել է․

«Մենք հարցնում ենք՝ Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհին լինելո՞ւ են նույն սահմանափակումները, իսկ իրենք հարցնում են՝ «ո՞ւր են ռելսերը»։ Ռելսերը վերականգնվող ռեսուրս են, կարող ենք նորից ունենալ։ Բայց ես ձեզ հարց ունեմ՝ Արցախն ո՞ւր է, հազարավոր տղաներն ո՞ւր են, միջազգային դատարաններից հետ քաշված հայցերն ո՞ւր են։ Սրանք կարո՞ղ եք վերականգնել»։