ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան
27 Հոկտեմբերի 2026, 23:00
ՌԴ Դաշնային խորհրդի կանոնակարգի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Ջաբարովը Ռուսաստանի ԱԳՆ-ին առաջարկել է դիտարկել Հայաստանի Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը ՌԴ արգելելու հնարավորությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ռուս քաղաքական գործչի դժգոհության պատճառն Առուշանյանի՝ ռուսների վերաբերյալ արած հայտարարությունն է։
Ջաբարովը հայ պաշտոնյայի խոսքերն անվանել է արհամարհական՝ ընդգծելով, որ նման հայտարարությունների համար պետք է պատասխանատվություն կրել։
Ավելի վաղ Շիրակի մարզպետը «Ֆեյսբուք»-ի իր էջում քննադատել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած Գյումրու քաղաքի օրվա տոնակատարությունը։ Իր հրապարակման մեջ Առուշանյանը, մասնավորապես, գրել էր, որ «գյումրեցիները ձեր Իվանները չեն»։
Երևանում Ռուսաստանի դեսպանատունը դատապարտել էր այդ արտահայտությունը՝ հայտարարելով, թե նման հռետորաբանությունը հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին գերմանացի նացիստների կողմից կիրառվող բառապաշարը։
Ռուս սենատորը հայ պաշտոնյաներին կոչ է արել հիշել պատմական իրադարձությունները։ Նա ընդգծել է, որ ռուս զինծառայողները նախկինում պաշտպանել են Հայաստանը ցեղասպանության սպառնալիքից, ապա մասնակցել ֆաշիզմի դեմ պայքարին։ Ջաբարովը նաև հիշեցրել է, որ այսօր Գյումրիում տեղակայված են ռուս սահմանապահներն ու 102-րդ ռազմաբազան, որոնք, նրա ձևակերպմամբ, «ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը»։
«Անտեղի հռետորաբանության փոխարեն մարզպետը պարզապես պետք է շնորհակալություն հայտներ»,- հայտարարել է Ջաբարովը։
Լիովին պաշտպանելով ՌԴ դեսպանատան արձագանքը՝ սենատորը հայ պաշտոնյային մեղադրել է արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների ազդեցությամբ հայտարարություններ անելու մեջ։ Նրա պնդմամբ՝ նմանատիպ կարգախոսներ նախկինում տարածվել են Ուկրաինայում, Մոլդովայում և Բալթյան երկրներում։