Ֆինլանդիայի նախագահը չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի՝ առաջիկա 30 տարում ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
27 Հոկտեմբերի 2026, 23:30
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը չի բացառել, որ առաջիկա 30 տարում Եվրամիության անդամ երկրների թիվը կարող է հասնել 40-ի։
Նրա խոսքով՝ միության կառուցվածքը կդառնա ավելի բազմազան, իսկ միասնական արժույթի՝ եվրոյի օգտագործումը պարտադիր չի լինի բոլոր անդամների համար։ Ընդլայնման առաջնահերթ թեկնածուների շարքում Ստուբը նշել է Բալկանյան երկրները, Ուկրաինան, Մոլդովան և ԵՄ-ից դուրս մնացած մի շարք եվրոպական պետություններ։ Մինչդեռ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի եվրաինտեգրումը, նրա գնահատմամբ, կախված կլինի այդ երկրների հետագա առաջընթացից։
Սակայն Թուրքիայի և Վրաստանի պատմական փորձը ցույց է տալիս, որ եվրաինտեգրման ճանապարհը կարող է տևել տասնամյակներ և ամենևին էլ չի երաշխավորում ԵՄ-ին անդամակցությունը։
1987 թվականին Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնելուց հետո Թուրքիան 12 տարի սպասել է թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն․ այն ստացել է 1999 թվականին։ Անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները մեկնարկել են միայն 2005-ին։ Հայտի ներկայացումից անցել է արդեն 39 տարի, սակայն նույնիսկ ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկը լինելու և հզոր բանակ ունենալու հանգամանքները Թուրքիային չեն մոտեցրել Եվրամիության լիիրավ անդամակցությանը։
Թբիլիսին եվրաինտեգրման ուղեգիծը որդեգրել է դեռևս 2006 թվականին՝ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք։ 2017 թվականին Վրաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը, իսկ 2023 թվականի դեկտեմբերին երկիրը ստացել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Սակայն «Վրացական երազանք» կուսակցության իշխանության օրոք քաղաքական ուղեգծի փոփոխությունից հետո՝ 2024 թվականի հունիսին, ԵՄ-ն փաստացի սառեցրել է անդամակցության գործընթացը։
Նույն տարվա աշնանը Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը կհետաձգեն մինչև 2028 թվականը։ Իսկ 2026 թվականի մարտին Բրյուսելը պատասխան քայլի է դիմել՝ կասեցնելով առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցողների համար։