Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան Սաղաթելյան

02 Նոյեմբերի 2026, 18:40

Քաղաքականություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սահմանադրության փոփոխության շուրջ ընթացող քննարկումներին, ընդդիմության դիրքորոշմանն ու քաղաքական զարգացումներին։

Ըստ Սաղաթելյանի՝ իշխանություններին չի հաջողվել Սահմանադրության փոփոխության գործընթացը ներկայացնել որպես Հայաստանի ներքին օրակարգային հարց։

«Ընդդիմությանը հաջողվել է հանրությանը ցույց տալ իրականությունը, և այսօր Հայաստանում յուրաքանչյուրը գիտի՝ Սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է, այդ իսկ պատճառով էլ այդ փաթեթը ստացել է իր արժանի անվանումը՝ «Ալիևյան Սահմանադրություն»»,- նշել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ընդդիմության գործողությունների արդյունքում Փաշինյանն ու Ալիևը կանգնել են փաստի առաջ, քանի որ Հայաստանի խորհրդարանում չունեն սահմանադրական մեծամասնություն, հետևաբար՝ նաև չունեն «ալիևյան հերթական պահանջը կատարելու մանդատ»։

Անդրադառնալով ընդդիմության հասցեին հնչող սպառնալիքներին և հնարավոր ճնշումներին՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը շեշտել է, որ որևէ շանտաժ կամ պատանդառության գործիքակազմ չի կարող ազդել ընդդիմադիր գործիչների որոշման վրա։

Նա ընդգծել է, որ ձերբակալությունները, ընդդիմադիր առաջնորդների կալանավորումները, ինչպես նաև հնարավոր նոր ճնշումները միայն ամրապնդելու են ընդդիմության վճռականությունը՝ «ո՛չ» ասելու առաջարկվող նախագծին։

Խոսելով իշխանությունների տված երաշխիքների մասին՝ Սաղաթելյանը դրանք որակել է «զրոյական նշանակության»՝ հիշեցնելով 2022 թվականի մարտի հայտարարությունները․ «2022 թ․ մարտին Փաշինյանը հայտարարում էր՝ եթե Արցախի բանակցություններում իջեցնենք նշաձողը, կերաշխավորենք Արցախի ժողովրդի անվտանգությունը և այդ հարցի շուրջ կապահովենք միջազգային կոնսոլիդացիա։ Դրանից 6 ամիս հետո վերջինս Իլհամ Ալիևի հետ ապահովեց Արցախի հայաթափումն ու էթնիկ զտումը»։

Եզրափակելով հայտարարությունը՝ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ ստեղծված իրավիճակում ընդդիմության պատմական դերակատարումն է՝ ամուր կանգնել միակ ճշմարիտ դիրքում, «ո՛չ» ասել Փաշինյանի և Ալիևի համատեղ փաթեթին, Սահմանադրության փոփոխությանն ու անկլավների անվան տակ տարածքային նոր զիջումներին։

«Եթե Փաշինյանը գնա այդ ճանապարհով, այն պետք է վերածվի վերջինիս իշխանազրկման գործընթացի»,- եզրափակել է պատգամավորը։