«Հ1-ի տերը հանրությունն է, ոչ թե ՔՊ-ն». «ՀայաՔվե»-ն պահանջում է Հանրայինի ղեկավարների հրաժարականը
03 Նոյեմբերի 2026, 13:31
«Հ1-ի տերը հանրությունն է, ո՛չ թե ՔՊ-ն». այս կարգախոսով «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները ակցիա են իրականացրել Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց։
Ակցիայի ընթացքում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ընթերցել է բաց նամակ-պահանջը, որը շրջանառության մեջ է դրվել դեռևս հոկտեմբերի 5-ին։
Նամակում նախաձեռնության անդամները քննադատել են Հանրային հեռուստաընկերության գործունեությունը՝ պնդելով, որ եթերը ծառայեցվում է իշխանական թեզերի առաջմղմանը, իսկ ընդդիմադիր և այլախոհ տեսակետները թիրախավորվում են։
«Եթերը ծառայեցվում է իշխանական թեզերի առաջմղմանը, իսկ ընդդիմադիր կամ այլախոհ տեսակետները ենթարկվում են թիրախավորման ու մանիպուլյացիաների։ Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը կատարվում է բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերից ելնելով՝ լուսանցք մղելով այլընտրանքային տեսակետներն ու խորհրդարանական ընդդիմության գործունեությունը»,– նշել է Չալաբյանը։
Նրա խոսքով՝ Հանրայինի եթերում ներկայացվում են նաև անձինք, որոնք, ըստ նախաձեռնության, պառակտում են եկեղեցական նվիրապետությունն ու ազգային-հոգևոր արժեքները։
«Հանրայինի եթեր են բերվում զանազան տիրադավ, եկեղեցական նվիրապետությունն ու ազգային-հոգևոր արժեքները պառակտող անձինք՝ նպատակաուղղված հարված հասցնելով Հայ Առաքելական Եկեղեցուն և հանրային համերաշխությանը»,– ասել է նա։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամները պահանջում են Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հրաժարականը։