Հայաստանում կալանքը դրսևորվում է որպես անմարդկային վերաբերմունք․ Արամ Վարդևանյան

03 Նոյեմբերի 2026, 14:12

Քաղաքականություն

Հայաստանում կալանքը ոչ թե որպես պատժի միջոց է կիրառվում, այլ դրսևորվում է որպես անմարդկային վերաբերմունք։ Այս մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին։

Նրա խոսքով՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներում ֆունդամենտալ խնդիրներ կան։

Անդրադառնալով կոնկրետ անձանց պահման պայմաններին՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն առաջարկել է հարցը քննարկել ԱԺ-ում։

«Եթե կոնկրետ մարդկանց կոնկրետ պահման պայմանների մասին եք խոսում, օրինակ՝ ձեր թիմակիցների, եկեք դրանք քննարկենք այստեղ։ Ես կարող եմ հերթով բոլորի պահման պայմանների մասին խոսել, նույնիսկ կարող եմ ասել, թե բարձրացված դիմումի հետքերով գնալու պայմաններում ինչ ընդառաջ քայլեր ենք արել այդ մարդկանց նկատմամբ»,- ասել է նախարարը։