Իրանի հետ լայնածավալ էսկալացիան կարող է Թրամփի համար քաղաքական խնդիրներ առաջացնել․ Միխայիլ Սինելնիկով-Օրիշակ

03 Նոյեմբերի 2026, 21:29

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ և ամերիկագետ Միխայիլ Սինելնիկով-Օրիշակը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական առճակատման հնարավոր սրումը, ինչպես նաև Դոնալդ Թրամփի վարչակազմի առջև ծառացած քաղաքական ռիսկերը։

Փորձագետի կարծիքով՝ Իրանի հետ հակամարտության էսկալացիան կարող է անցանկալի հետևանքներ ունենալ առաջին հերթին հենց ԱՄՆ-ի վարչակազմի համար։

«Իրանում իրավիճակի սրումը, հնարավոր է, դիտարկվող տարբերակներից մեկն է, սակայն, որքան էլ պարադոքսալ հնչի, այդ սցենարն առաջին հերթին ձեռնտու չի լինի հենց Թրամփի վարչակազմին։ Այո՛, սա ծայրահեղ տարբերակ է։ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից վաղուց արդեն որևէ անակնկալ չի սպասվում, և հարցն ընդամենն այն է, թե որքանով կփոխվի ուժերի հարաբերակցությունը հօգուտ դեմոկրատների։ Արդյոք դա կլինի այսպես կոչված «ալիք», այսինքն՝ Կոնգրեսում նրանց ներկայացվածության զգալի աճ, թե՞ ընդամենն աննշան թվային փոփոխություններ։ Վարչակազմը քիչ թե շատ պատրաստ է նման զարգացումներին», — նշել է Սինելնիկով-Օրիշակը։

Քաղաքագետի խոսքով՝ նոր ռազմական էսկալացիան կարող է կասկածի տակ դնել Իրանին հասցված նախորդ հարվածների հիմնավորվածությունը և Վաշինգտոնից պահանջել հստակ բացատրել հետագա ռազմական գործողությունների նպատակները։

«Իրանում իրավիճակի սրումը կարող է կրկին հանգեցնել խիստ անցանկալի քաղաքական հետևանքների։ Առաջին հերթին՝ երբ ամեն ինչ քո վերահսկողության տակ է, իսկ Կոնգրեսը քիչ թե շատ կառավարելի է, քանի որ դրա բոլոր օղակներում հանրապետականներն են ներկայացված, դժվար է հարց բարձրացնել, թե որքանով էր հիմնավորված երկրորդ հարվածը։ Բացի այդ, անհրաժեշտ են հստակ նպատակներ։

Ինքը՝ Թրամփը, արդեն հայտարարել էր՝ այն ծրագիրը, որի իրականացման համար ձեռնարկվել էր այս ամենը, կատարված է։ Այսպիսով՝ կա՛մ դու այն ժամանակ էիր մոլորեցնում հանրությանը, երբ հայտարարում էիր, թե բոլոր նպատակներն արդեն իրականացվել են, կա՛մ հիմա ես մոլորեցնում, երբ սկսվում են Իրանի դեմ ռազմական ներգործության երկրորդ կամ երրորդ փուլերը», — եզրափակել է Սինելնիկով-Օրիշակը։