Օբամայի նախընտրական քարոզարշավից մինչև հայկական սփյուռքի պատմությունները․ Սքաութ Թուֆանքջյան
03 Նոյեմբերի 2026, 22:00
Սքաութ Թուֆանքջյանը ամերիկացի հայտնի ֆոտոլրագրող է՝ իռլանդական և հայկական արմատներով, որի աշխատանքները նշանակալի հետք են թողել ժամանակակից համաշխարհային վավերագրական լուսանկարչության մեջ։ Նա ծնվել է 1977 թվականի նոյեմբերի 3-ին՝ Բոստոնում (Մասաչուսեթս նահանգ)։
2000 թվականին ավարտել է Յեյլի համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության և պետական կառավարման բակալավրի աստիճան։ Արաբերենի ազատ տիրապետումը ևս նպաստել է նրա՝ լուսանկարչության նկատմամբ խորքային, հետազոտական մոտեցման ձևավորմանը։
Թուֆանքջյանին համաշխարհային ճանաչում է բերել Բարաք Օբամայի առաջին նախագահական նախընտրական քարոզարշավի լուսաբանումը՝ 2006-2008 թվականներին։ Ամբողջ ընտրարշավի ընթացքում աշխատելով որպես անկախ լուսանկարիչ՝ նա կատարել է ավելի քան 12 հազար լուսանկար, որոնք հետագայում ամփոփվել են «Այո մենք կարող ենք. Բարաք Օբամայի պատմությունը նախագահական քարոզարշավի ժամանակ» բեսթսելլեր գրքում։ 2012 թվականին Սքաութ Թուֆանքջյանը հրապարակել է Բարաք Օբամայի հայտնի լուսանկարը, որտեղ նախագահը գրկել է իր տիկնոջը` Միշելին։ Սոցիալական ցանցերում հրապարակվելուց հետո լուսանկարն աննախադեպ տարածում է գտել՝ ռեկորդային թվով հավանումներ և վերահրապարակումներ հավաքելով։
Ֆոտոլրագրողի կարիերայի կարևոր ուղղություններից են եղել նաև հակամարտությունների գոտիներում և հումանիտար ճգնաժամերի վայրերում իրականացված աշխատանքները։ Թուֆանքջյանը լուսաբանել է 2010 թվականի ավերիչ երկրաշարժը Հայիթիում, Արաբական գարնան իրադարձություններն ու 2011-2012 թվականների Եգիպտական հեղափոխությունը։ Նա աշխատել է նաև Գազայում, Լիբանանում և Սիրիայում։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ 2015 թվականին, Սքաութ Թուֆանքջյանը ներկայացրել է բազմամյա լուսանկարչական նախագիծ և «There Is Only the Earth: Images from The Armenian Diaspora Project» գիրքը։ Վեց տարի շարունակ նա ճանապարհորդել է աշխարհի տարբեր երկրներով՝ Բրազիլիայից և Եթովպիայից մինչև Ֆրանսիա և Կանադա՝ լուսանկարելով հայկական սփյուռքի ներկայացուցիչներին և գրի առնելով նրանց անձնական պատմությունները։
Թուֆանքջյանի աշխատանքներն առանձնանում են հերոսների նկատմամբ խոր կարեկցանքով և լուսանկարի միջոցով մարդկային պատմություններն ու ժամանակաշրջանի շունչը փոխանցելու կարողությամբ։