ԱՄՆ-ում ընտրությունները վատի և վատագույնի միջև են. Յունոնա Հակոբջանյան
03 Նոյեմբերի 2026, 22:45
Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընտրությունները, ցավոք, հաճախ վատի և վատագույնի միջև կայացվող որոշում են։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է բժիշկ, համայնքային-հասարակական գործիչ Յունոնա Հակոբջանյանը։
«Դա վերաբերում է ինչպես դեմոկրատներին, այնպես էլ հանրապետականներին։ Ուստի Հայաստանում չպետք է մտածեն, թե նման իրավիճակը միայն իրենց մոտ է. ամենուր էլ նույնն է»,- նշել է նա։
Անդրադառնալով ընտրություններին մասնակցելու իր քաղաքացիական իրավունքին և նախապատվություններին՝ Յունոնա Հակոբջանյանը նշել է, որ արդեն կողմնորոշվել է և պատրաստվում է քվեարկել։
Խոսելով քաղաքական ուժերի մասին՝ նա ընդգծել է, որ Կալիֆոռնիայում դեմոկրատների կառավարման տարիներն իր հիշողության մեջ ասոցացվում են BLM (Black Lives Matter) շարժման ընթացքում տեղի ունեցած անկարգությունների, խանութների թալանի և պայթյունների հետ, ինչը որևէ համակրանք չի առաջացնում իր մոտ։
«Դեմոկրատները շատ ուժեղ են պատրաստվում ընտրություններին. նրանք բոլորին հորդորում են գնալ քվեարկության, նույնիսկ աշխատավայրերում հատուկ ժամեր են հատկացնում, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանքային ժամերին մասնակցել ընտրություններին»,- ասել է Հակոբջանյանը։