ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի և 35 անձի նկատմամբ

04 Նոյեմբերի 2026, 15:16

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և արդյունքում ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս հասցնելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով քննչական խմբի քննիչները ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համատեղ 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ:

Նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ից, ՀՀ ՆԳՆ-ից և ՀՀ ՊԵԿ-ից ստացված տեղեկությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Կ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձանապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Մասնավորապես, Ս.Կ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության տնօրենների խորհրդի առանձին անդամները, ընկերության գլխավոր տնօրենը և տեղակալը, այլ պատասխանատու անձինք ՓԲ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ կատարել են ՓԲ ընկերության կանոնադրությամբ վերապահված՝ ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարման լիազորությունների չարաշահում, որն արտահայտվել է ընկերության բնականոն գործունեության ապահովման իրական անհրաժեշտությունից չբխող չափերով վարկային միջոցների ներգրավմամբ և հետագայում ընկերության բաժնետերերին շահաբաժինների, ընկերության և դրա պատասխանատու անձանց հետ փոխկապակցված, ինչպես նաև այլ կազմակերպություններին փոխառություններ և կանխավճարներ անհիմն տրամադրելու մեջ, ինչի արդյունքում նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել, ինչպես նաև ներգրավված վարկային միջոցներից 2024-2025 թվականներին ՓԲ ընկերությունից ապօրինի եղանակով դուրս է բերվել ընդհանուր 23 մլրդ 158 մլն 169 հզր 29 ՀՀ դրամ` որպես շահաբաժին տրամադրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բաժնետերեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիտեդ» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններին, որի արդյունքում ՓԲ ընկերությանը պատճառել են առանձնապես խոշոր չափերով՝ 36 մլրդ 981 մլն 660 հզր ՀՀ դրամի, 23 մլրդ 158 մլն 169 հզր 29 ՀՀ դրամի և 4 մլրդ 445 մլն 950 հզր 995 ՀՀ դրամի (ընդհանուր՝ 64 մլրդ 585 մլն 780 հզր 24 ՀՀ դրամ) վնաս:

Այնուհետև, վերը նշված հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված ֆինանսական միջոցներն օրինականացնելու նպատալով՝ Ս.Կ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ փոխկապակցված մեկ տասնյակից ավելի կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներն առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները քաղաքացիաիրավական և կորպորատիվ հարաբերությունների շրջանակում շրջանառելու պատրանք ստեղծելու եղանակով քողարկել են հափշտակված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, փոխակերպել և միախառնել են իրենց այլ եկամուտներին, այդպիսով թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը՝ դրանց տալով օրինական տեսք, կատարել են փողերի լվացում, այդպիսով փաստացի ստանալով հանցավոր օգուտ:

Նկարագրված արարքները կատարելու համար քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել 36 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ Քրեական օրենսգրքի 46-277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելը) (4 դրվագ), 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Քննիչի կողմից որոշում է կայացվել հիշյալ անձանց ձերբակալելու վերաբերյալ, որի կատարումը հանձնարարվել է հետաքննության մարմնին:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հիմա եթերում