Մարդկանց ձերբակալելով՝ փորձում են անցկացնել իրենց «Ալիևյան Սահմանադրությունը». Մեսրոպ Մանուկյան
04 Նոյեմբերի 2026, 16:27
Այս իշխանության ձեռագիրն այնքան պարզ ու պրիմիտիվ է․ հենց որևէ իրադարձություն է տեղի ունենում, հաջորդ օրը կոնկրետ իրավապահները գործողություններ են սկսում։ Այս մասին Տնտեսական գործերով քննչական վարչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալությանը։
«Նույնը տեսանք Ռոբերտ Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի դեպքում․ սա որևէ կապ չունի իրավական գործընթացի հետ»,- հավելել է նա։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքներին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը 64 միլիարդ դրամի վնաս պատճառելու մասին հայտարարություններին՝ պատգամավորը դրանք աբսուրդային է համարել։
«Որպես տնտեսագետ՝ փորձում եմ հասկանալ այս աբսուրդի ժանրը։ Ասում են՝ ՀԷՑ-ին 64 միլիարդ դրամի վնաս է պատճառվել։ Բայց չէ՞ որ ՀԷՑ-ի սեփականատերը Սամվել Կարապետյանն է։ Այս դեպքում նա պետք է տուժո՞ղ լիներ, թե՞ մեղադրյալ։
Անհասկանալի տրամաբանությամբ փորձում են պնդել, թե իբր նա ազդել է էլեկտրաէներգիայի սակագնի վրա, որպեսզի կարողանան մեղադրանք առաջադրել։ Մինչդեռ 2016 թվականից մինչ օրս ՀԷՑ-ը պարբերաբար հաշվետվություն է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որից 8 տարին հենց այս իշխանության օրոք։ Բա դուք ինչո՞վ էիք զբաղված»,- նշել է նա։
Մեսրոպ Մանուկյանը նաև համոզմունք է հայտնել, որ գործի շրջանակում իրականացվող զանգվածային ձերբակալություններն ու կալանավորումները նպատակ ունեն ճնշում գործադրել մարդկանց վրա։
«Իմ համոզմամբ՝ մարդկանց ձերբակալում են, որպեսզի ահաբեկեն, վախեցնեն և կեղծ ցուցմունքներ կորզեն Սամվել Կարապետյանի դեմ։ Շատ ուղիղ ասում եմ՝ կոնկրետ քաղաքական ճնշում է։ Մարդկանց ձերբակալելով ու կալանավորելով՝ փորձում են անցկացնել իրենց «Ալիևյան Սահմանադրությունը»»,- եզրափակել է պատգամավորը։