Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ

06 Նոյեմբերի 2026, 09:31

Քաղաքականություն

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը հաջորդ շաբաթ կարող է որոշում կայացնել կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքը կասեցնելու վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

«Հայաստանն արդեն ավելի քան երկու տարի անդամավճարներ չի վճարում, ուստի կարող է քննարկվել և որոշում ընդունվել նրա անդամակցության ժամանակավոր կասեցման, ավելի ճիշտ՝ ձայնի իրավունքից զրկելու մասին, մինչև անդամավճարների վճարումը։ Սա բացարձակապես տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրության համապատասխան հոդվածով։

Հետևաբար, հնարավոր է՝ նման ելք լինի, բայց դա կախված է նախագահի որոշումից», – ասել է նա։

Պանկինը հիշեցրել է, որ Ռուսաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում և պատասխանատվություն է կրում կազմակերպության օրակարգի համար։

«Տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողով, որին նախորդելու է արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների եռակողմ հանդիպումը։ Հայաստանի հարցը գուցե ամենագլխավորը չէ, բայց հանրության համար կարող է ամենահետաքրքիրը լինել, քանի որ ՀԱՊԿ-ը համագործակցության, համատեղ խնդիրների և նպատակների մասին է», – նշել է նա։

Հարցին, թե արդյոք Հայաստանի հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ կայանալիք միջոցառումների ընթացքում, Պանկինը պատասխանել է.

«Հավանաբար՝ այո, այն կարող է քննարկվել, բայց ամեն ինչ կախված է նրանից՝ մյուս բոլոր մասնակիցները կհամաձայնե՞ն արդյոք այն քննարկել։ Կարծում եմ՝ կքննարկվի»։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։