Փորձառու լիդերներն այլևս չեն կարող առաջնորդել, նոր դեմքեր են պետք. Կարեն Քոչարյան
06 Նոյեմբերի 2026, 23:30
Փորձառու քաղաքական լիդերներն այլևս չեն կարող առաջնորդ լինել, նրանք կարող են լինել գլխավոր խորհրդականներ։ Հաջորդ գործողությունների համար նոր դեմքեր են պետք։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի միավորմանն ու քաղաքական պայքարի հնարավոր զարգացումներին։
Քոչարյանը հուսով է, որ օրեր առաջ ընդդիմադիր ուժերի հայտարարած համազգային համախմբման շրջանակում ձևավորված միավորումը կընդլայնվի, և դրան կմիանան նաև դեռևս չներգրավված ուժերը։
«Ես կուզենայի, որ այդ միավորումը շատ ավելի լայն լիներ, որովհետև տեսնում եմ՝ դաշտում կան կուսակցություններ, ուժեր, որոնց դեռ չեն դիմել։ Բոլոր նրանք, ովքեր կողմ են շարադրված կետերին, կարծում եմ՝ մեծ տարաձայնություններ չեն ունենա։ Կամ կողմ ես, կամ դեմ։ Եթե կողմ չես, այդ դեպքում շարժվում ես Նիկոլ Փաշինյանի օրակարգով»,- նշել է նա։
Անդրադառնալով ընդդիմությունից հնչող՝ հստակ ծրագիր ներկայացնելու պահանջների մասին՝ քաղտեխնոլոգն ընդգծել է, որ դրանք արդարացված են, քանի որ ցանկացած միավորում ենթադրում է համակարգված աշխատանք։
«Ճիշտ են անում, որ պահանջում են, որովհետև առանց դրա հնարավոր չէ։ Ցանկացած միավորում ենթադրում է համակարգային մոտեցում»,- ընդգծել է Կարեն Քոչարյանը։
Նա նկատել է, որ ներկայիս քաղաքական պայքարը պահանջում է նոր մոտեցումներ ու ժամանակակից գործիքակազմ, քանի որ նոր տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը փոխում են պայքարի մեթոդները։
«Կողմնակից եմ, որ բոլոր փորձառու քաղաքական լիդերները լինեն այստեղ, որովհետև այն ինստիտուցիոնալ հիշողությունը, որը նրանք են կրում, ոչ ոք չունի։ Բայց նրանք չեն կարող այլևս առաջնորդ լինել, նրանք կարող են լինել գլխավոր խորհրդականներ։ Հաջորդ գործողությունների ժամանակ նոր դեմքեր են պետք»,- նշել է Կարեն Քոչարյանը։