ԱՄՆ-ում հայազգի բժիշկը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ 45 մլն դոլարի խարդախության համար
09 Նոյեմբերի 2026, 23:00
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի «Healthy Way Medical Center» կլինիկայի ղեկավար, հայազգի բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ խոշոր չափերի խարդախության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Քննության տվյալներով՝ Մայիլյանն ԱՄՆ պետական «Medicare» բժշկական ապահովագրության ծրագրին ներկայացրել է ավելի քան 45 մլն դոլարի կեղծ հաշիվներ՝ իբր բոտոքսի ներարկումներ կատարելու դիմաց։ Իրականում այդ միջամտությունները կամ ընդհանրապես չեն իրականացվել, կամ չեն ունեցել բժշկական անհրաժեշտություն։ Հետաքննությամբ բացահայտվել են նաև բժշկական փաստաթղթերի կեղծման և պացիենտների ստորագրությունները կեղծելու դեպքեր։
Ազատազրկումից բացի՝ դատարանը պարտավորեցրել է դատապարտվածին «Medicare» ծրագրին փոխհատուցել 32,9 միլիոն դոլար։ Որոշում է կայացվել նաև բռնագրավել ավելի քան 16 միլիոն դոլարի նրա ակտիվները, այդ թվում՝ անշարժ գույքը, արժեթղթերն ու բանկային հաշիվները։