Նոր ցեղասպանություն է իրականացվում. Վիտալի Միլոնովը՝ Արցախի շրջափակման մասին

01 Սեպտեմբերի 2023, 23:46

Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ին տված հարցազրույցում խոսել է Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին և կարծիք հայտնել, որ թերահավատորեն է վերաբերվում միջազգային հանրության կողմից Արցախին ցուցաբերվող օգնությանը:

2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո Արցախ այցելած Միլոնովը կիսվել այցի տպավորություններով. «Արցախը հիանալի վայր է։ Ինձ շատ դուր եկավ Արցախի մշակույթը, այն մի փոքր տարբերվում է հայկական հիմնական մշակույթից: Հիշում եմ հինավուրց վանքերի ու եկեղեցիների առկայությունը։ Դե, Արցախում մարդիկ մի փոքր տարբեր են։ Հետաքրքիր է, որ Արցախում երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։ Ինձ համար՝ որպես ռուս մարդու, դա շատ հաճելի էր»։

Նրա խոսքով՝ ինքը հետևում է այնտեղ կատարվող իրադարձություններին, թե ինչպես են արցախահայերը պայքարում շրջափակման դեմ։ «Իհարկե, բոլոր նորմալ մարդիկ հետևում են դրան»,- ասել է նա։

«Մարդիկ, ովքեր այդ ամենը իրականացնում են, արցախահայության նկատմամբ ատելություն են դրսեւորում։ Ես տեսնում եմ, որ մարդիկ սոված են, բայց ոչ կոտրված։ Եվ այս մարդիկ (Ադրբեջանը) թույլ չեն տալիս մարդասիրական օգնության մուտքը Արցախ: Նրանք հայտարարում են, որ սա, իբր, իրենց տարածքն է։ Այս տարածքը կոմունիստները, բոլշևիկներն են նվիրել: Նրանք միշտ ինչ-որ մեկին ինչ-որ բան են նվիրել՝ Դոնբասը Ուկրաինային, Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանին։

Եթե ասում են, որ սա իրենց տարածքն է, ապա ինչո՞ւ են ծաղրում այդ տարածքում ապրող մարդկանց։ Թե՞ ուզում են ասել, որ այս տարածքները իրենց պետք են՝ առանց մարդկանց, մարդիկ իրենց համար ավելորդ են, խանգարո՞ւմ են։ Ոչ մի ղեկավար երբեք թույլ չի տա հումանիտար աղետ այն տարածքում, որն իրենն է համարում։ Եվ այստեղ ես տեսնում եմ ընտրողական մոտեցում այն պատճառով, որ պատմականորեն Արցախի տարածքում ապրող ժողովուրդը հայ ժողովուրդն է, որի նկատմամբ ուղղակի նոր ցեղասպանություն են կազմակերպում՝ իմ տեսանկյունից»,- մեկնաբանել է ռուս պատգամավորը՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները։

Նա նաև մեկնաբանել է, թե ինչու այժմ չի իրականացվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Ես հիմնվում եմ եռակողմ համաձայնագրերի վրա, որոնք ստորագրվել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից այս դժվարին հարցի շուրջ։ Ես տեսնում եմ, որ այդ պայմանավորվածությունները չեն կատարվում։ Ադրբեջանական կողմը և նրա ռուսական լոբբին, մենք՝ Ռուսաստանում, ցավոք, ունենք քաղաքական գործիչներ, որոնք գործում են ոչ թե Ռուսաստանի, այլ մեկ այլ երկրի շահերից ելնելով, ասում են, որ այս համաձայնագիրը հնացել է և պետք է վերաշարադրվի։

Պայմանավորվածություն կա, ինչո՞ւ չի իրականացվում։ Սա նշանակում է, որ այս մարդիկ չեն կատարի հաջորդ պայմանավորվածությունը, ինչպես չեն կատարում այս պայմանավորվածությունը։ Այսպիսով, կարելի է ասել, որ այս մարդիկ, ովքեր միջազգային պարտավորություն են ստանձնել և չեն կատարում այն, կեղծ ու անվստահելի գործընկեր են։

Միլոնովի խոսքով՝ Բաքուն այժմ փորձում է օգտվել այն փաստից, որ Ռուսաստանը այժմ զբաղված է Ուկրաինայի հակամարտությամբ, ինչպես նաև Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությունից:

«Մեր հիմնական ռեսուրսները կենտրոնացած են Ուկրաինայում, և դա օգտագործել են մարդիկ, ովքեր որոշել են նոր խնդիր ստեղծել հակառակ կողմից։ Ադրբեջանն ինքնուրույն չէր կարողանա դա անել։ Նրա սուբյեկայնությունը լղոզվում է այլ երկրների՝ Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի հետ միջազգային պայմանագրերով։ Իսկ Ադրբեջանի գործողությունները գտնվում են այն նպատակների ու խնդիրների համատեքստում, որը հիմա ձևակերպում է թուրք-բրիտանական դաշինքը։

Սա հաստատելու համար ուզում եմ ասել, որ ելնելով այն ջերմ, շատ լուրջ և վստահելի հարաբերությունների մակարդակից, որոնք ձևավորվել են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև, Արցախի ապաշրջափակման մասին ազդանշանի դեպքում Ադրբեջանը կկատարեր այս հրահանգը՝ կվերացներ Արցախի շրջափակումը, իհարկե, իմանալով, որ Արցախում զինվորականներ գրեթե չկան։ Կան կանայք, երեխաներ, ծերեր, պարզապես, անզեն մարդիկ։

Սա ինչ-որ ծաղր է նրանց նկատմամբ, ուղղակի ինչ-որ շրջափակում է։ Ինձ համար, ինչպես լենինգրադցու, այս ամենից՝պատերազմի նման մեթոդներից, վատ հոտ է գալիս։ Սա տղամարդկանց պատերազմ չէ (Ադրբեջանի կողմից): Սա պատերազմ է տարեցների դեմ, ինչ-որ միջնադար է, երբ քաղաքները, պարզապես, սովամահ անելով էին վերցվում », — ամփոփել է Վիտալի Միլոնովը: