Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել ուժեղացնել համագործակցությունը

10 Նոյեմբերի 2026, 12:20

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները համագործակցության զգալի փորձ են կուտակել, սակայն, հաշվի առնելով միջազգային լարվածությունը, անհրաժեշտ է ավելացնել կազմակերպության առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի համակարգումը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։ Ռուսաստանի նախագահի ուղերձը ընթերցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«ՀԱՊԿ անդամ պետությունները կառուցողական համագործակցության զգալի փորձ են կուտակել։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ պահպանվող միջազգային լարվածության պայմաններում կարևոր է մանրակրկիտ կերպով զարգացնել կազմակերպության ներուժը, ավելացնել ջանքերի համակարգումը նրա առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ, առաջին հերթին՝ պաշտպանության ոլորտում, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում, կիբերհանցագործությունների, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում»,- նշել է Պուտինը։

ՌԴ նախագահը հստակեցրել է, որ համաժողովին մասնակցում են պետական կառավարման մարմինների, ռազմական գերատեսչությունների և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչներ, գիտնականներ և փորձագետներ։

«Լիագումար նիստի և կլոր սեղանների ընթացքում դուք պետք է գնահատեք ժամանակակից մարտահրավերների ազդեցությունը Եվրասիայում աշխարհաքաղաքական իրավիճակի վրա, քննարկեք տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված միջոցառումները»,- նշել է Ռուսաստանի առաջնորդը։

Պուտինը վստահություն է հայտնել, որ համաժողովը կանցնի կառուցողական մթնոլորտում, իսկ միջոցառման ընթացքում ներկայացված առաջարկներն ու նախաձեռնությունները պահանջված կլինեն ՀԱՊԿ անդամ երկրների ժողովուրդների բարօրությանն ուղղված գործնական աշխատանքում։