Փաշինյանն ինքն է Հայաստանին հանգեցրել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկվելուն․ Վասիլի Դանդիկին

12 Նոյեմբերի 2026, 22:45

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական փորձագետ, պահեստազորի առաջին կարգի կապիտան Վասիլի Դանդիկինը Alpha News-ին մեկնաբանել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշումը, գնահատել Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վրա դրա հնարավոր հետևանքները, ինչպես նաև արտահայտել իր տեսակետը ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ։

«Կարծում եմ՝ Հայաստանին ձայնի իրավունքից զրկելը նախևառաջ ազդակ է Երևանին։ Եթե պետությունն անտեսում է ՀԱՊԿ-ի կանոնները, ապա կազմակերպության մյուս անդամները քվեարկությամբ կարող են նրան զրկել ձայնի իրավունքից։ Ըստ էության՝ Փաշինյանն ինքն է հանգեցրել նման իրավիճակի՝ բազմիցս հայտարարելով, որ ՀԱՊԿ-ն իրեն պետք չէ։

Միևնույն ժամանակ, Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայված է մեր ռազմական բազան։ Դա լուրջ ռազմական օբյեկտ է՝ անհրաժեշտ ողջ ենթակառուցվածքով։ Այնտեղ կան ավիացիա և հակաօդային պաշտպանության միջոցներ։ Բացի այդ, Հայաստանում բնակվում են ռուսական անձնագրերով հայկական ծագում ունեցող բազմաթիվ քաղաքացիներ։

Իմ կարծիքով՝ Փաշինյանի վարքագիծը ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի նկատմամբ դժվար է ադեկվատ համարել։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք դրան չեն հաջորդի այլ հետևանքներ։ Վլադիմիր Վլադիմիրովիչն արդեն ասել է, որ երկու կազմակերպություններին միաժամանակ անդամակցելը կարող է աննպատակահարմար լինել։ Եթե Հայաստանը հանրաքվե անցկացնի և իսկապես շարժվի դեպի Եվրամիություն, ապա, հնարավոր է, ստիպված լինի ընտրություն կատարել՝ այս կամ այն ճանապարհի միջև», — ասել է Դանդիկինը։

Հիմա եթերում