Փաշինյան-Ալիև հանդիպում Դուբլինում․ քննարկվել են TRIPP-ի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման հարցերը
12 Նոյեմբերի 2026, 21:10
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում նոյեմբերի 12-ին կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Կողմերը մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի վրա։ Քննարկվել են խաղաղության ամրապնդմանն ուղղված գործնական քայլեր, մասնավորապես՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացումը, տնտեսական ու առևտրային հարաբերությունները, սահմանազատումն ու վստահության ամրապնդման միջոցառումները։
Այս համատեքստում ղեկավարներն անդրադարձել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի երկաթուղային ու ավտոճանապարհային բաղադրիչների նախագծմանն ու տարանցման հեռանկարներին։ Դրական է գնահատվել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցումը․ անցյալ տարվա նոյեմբերից այդ երթուղով Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 105 000 տոննա բեռ։
Բացի այդ, քննարկվել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման հնարավորությունները։ Ղեկավարներն ընդգծել են նաև շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը՝ ողջունելով անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։
Հանդիպման ավարտին վերահաստատվել է խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման և տարածաշրջանում կայունության ու բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը։