Հազվագյուտ լուսանկարներ ու անմահ մեղեդիներ․ Մոսկվայում ցուցահանդես է բացվել՝ նվիրված Բաբաջանյանին և Թարիվերդիևին
Մոսկվայի Արբատ փողոցում մեկնարկել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված խորհրդային ականավոր կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին և Միքայել Թարիվերդիևի ծննդյան 95-ամյակին։
Ցուցադրությունն ամփոփում է խորհրդային ժամանակաշրջանի երկու մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը։ Այցելուները հնարավորություն ունեն դիտելու ընտանեկան արխիվներից վերցված հազվագյուտ լուսանկարներ, ծանոթանալու նրանց կյանքի և ստեղծագործական ուղու կարևորագույն դրվագներին, ինչպես նաև ցուցատախտակներին տեղադրված QR կոդերի միջոցով ունկնդրելու հանրահայտ մեղեդիները։
Ցուցահանդեսում ներկայացված է նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգությունը։ Նա շուրջ 180 երգի հեղինակ է, որոնց թվում են «Գեղեցկության թագուհին», «Երկրի լավագույն քաղաքը», «Մի՛ շտապիր», «Վերադարձրո՛ւ ինձ երաժշտությունը» և «Սատանայի անիվը» հանրահայտ երգերը։
Նախագիծն իրականացվել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի և Մոսկվայի զանգվածային միջոցառումների տնօրինության նախաձեռնությամբ՝ Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի և կոմպոզիտորի որդու՝ Արա Բաբաջանյանի, ինչպես նաև Միքայել Թարիվերդիևի ստեղծագործական ժառանգության բարեգործական հիմնադրամի և Վերա Թարիվերդիևայի մասնակցությամբ։