Փարիզում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են Մակրոնի հրաժարականն ու Ֆրանսիայի դուրս գալը ԵՄ-ից
14 Նոյեմբերի 2026, 22:32
Փարիզում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը և երկրի դուրս գալը Եվրամիությունից։ Ակցիայի կազմակերպիչը՝ «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն, պատռել է Եվրամիության դրոշը։ Այս մասին տեղից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Մակրո՛ն, հեռացի՛ր», «Ավելի շուտ դուրս գանք ՆԱՏՕ-ից», «Ո՛չ փող, ո՛չ անօդաչու թռչող սարքեր, ո՛չ արկեր Ուկրաինային», «Մակրո՛ն, Զելենսկի՛, Ուրսուլա՛, վերադարձրե՛ք փողերը», «Ֆրեքսիտ» (Ֆրանսիայի դուրս գալը ԵՄ-ից)՝ վանկարկել են մի քանի հարյուր ցուցարարներ, որոնք երթը սկսել են Փարիզի Լուվրի հարևանությամբ գտնվող հրապարակից և անցել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։
Երթի մասնակիցներից շատերը դժգոհություն են հայտնել հանրապետության գործող իշխանությունների քաղաքականությունից, որը, նրանց կարծիքով, հանգեցրել է երկրում գնաճի կտրուկ արագացմանը, ինչպես նաև վառելիքի և սննդամթերքի գների բարձրացմանը։
Ցուցարարները կտրականապես դեմ են արտահայտվել նաև ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա հնարավոր ուղարկելուն։ Նրանք պահանջել են Ֆրանսիայի կարիքներին ուղղել այն գումարները, որոնք ներկայում հատկացվում են Կիևի ռեժիմին աջակցելու համար։
Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ Ֆրանսիայի ծանր իրավիճակի պատճառը ոչ միայն կառավարության և նախագահի գործողություններն են, այլև Եվրամիության ընդհանուր քաղաքականությունը։
«Մենք հավաքվել ենք, որովհետև ցանկանում ենք փրկել մեր երկիրը՝ Ֆրանսիան։ Եվ այստեղ ունենք ենթարկվածության խորհրդանիշը՝ աստղերով կապույտ լաթը, որից հենց հիմա կազատվենք»,- հայտարարել է Ֆիլիպոն՝ բարձրացնելով ԵՄ դրոշը, որն այնուհետև օգնականի հետ պատռել և նետել է գետնին։