Հայաստանի հմայքը՝ իտալական Forbes-ի ուշադրության կենտրոնում
15 Նոյեմբերի 2026, 11:20
Իտալական Forbes Italia պարբերականը սոցիալական ցանցերում հրապարակել է հատուկ անդրադարձ՝ նվիրված Հայաստանի զբոսաշրջության ոլորտի դինամիկ զարգացմանը։
Հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանին հաջողվում է ներդաշնակորեն համատեղել ավանդույթներին հավատարիմ մնալն ու արդիականացումը՝ գրավելով միջազգային բրենդների ուշադրությունը, բարելավելով տրանսպորտային հասանելիությունը, այդ թվում՝ Իտալիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության միջոցով։ Երկիրը նպատակ ունի մինչև 2030 թվականը տարեկան զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի։
Հրապարակման առանցքում Հայաստանի մի շարք նշանավոր տեսարժան վայրերն ու զբոսաշրջային գրավչություններն են՝ հեթանոսական Գառնիի տաճարը, Երևանի ճարտարապետական խորհրդանիշներից մեկը՝ Կասկադ համալիրը, բնության անկրկնելի հուշարձան «Քարերի սիմֆոնիան», ինչպես նաև Երևանի նորաձևության շաբաթն ու գինու և գաստրոնոմիայի բացահայտմանը միտված զբոսաշրջային երթուղիները։
Հրապարակման լուսանկարաշարը պատրաստել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Դե Ռոզան, որը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Հայաստանի անկրկնելի բնապատկերների և լանդշաֆտների վրա։