Թեհրանն ակնկալում է Մոսկվայի և Պեկինի սկզբունքային աջակցությունը՝ ԱՄՆ-ի հետ շփումներում

15 Նոյեմբերի 2026, 14:28

Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային մեկնաբանել է Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահների առաջիկա հանդիպումը, որի ընթացքում, ըստ կանխատեսումների, կարող է քննարկվել նաև Իրանի շուրջ ստեղծված ռազմական հակամարտությունը։

Նրա խոսքով՝ Թեհրանն արտառոց ոչինչ չի տեսնում այն փաստում, որ համաշխարհային տերությունները մտադիր են անդրադառնալ այդ հարցին, իսկ Մոսկվան և Պեկինը լիովին տեղեկացված են Իսլամական Հանրապետության դիրքորոշման մասին։

Բաղային ընդգծել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն Իրանի ռազմավարական գործընկերներն են, և տարածաշրջանային օրակարգի շուրջ երեք երկրների միջև խորհրդակցությունները շարունակական բնույթ են կրում։ Դրանք անցկացվում են ինչպես հեռախոսազրույցների, այնպես էլ դիվանագիտական ուղիներով՝ Թեհրանում, Մոսկվայում և Պեկինում գործող դեսպանությունների միջոցով։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նաև վստահություն են հայտնել, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններում Մոսկվան և Պեկինը կորդեգրեն սկզբունքային դիրքորոշում։

Ինչպես նշել է դիվանագետը, երկու տերություններն էլ դեմ են Վաշինգտոնի միակողմանի ու առճակատման քաղաքականությանը և հստակ գիտակցում են, որ տարածաշրջանում լարվածության սրումը Միացյալ Նահանգների անօրինական ու արկածախնդիր գործողությունների հետևանքն է։

Այս համատեքստում Թեհրանում ակնկալում են, որ ԱՄՆ-ի հետ ցանկացած շփման ընթացքում Ռուսաստանն ու Չինաստանն ամերիկյան ղեկավարությունից կպահանջեն պատասխանատվություն կրել իր գործողությունների համար։