Մահվան ելքով վթար Գավառում. «Ինֆինիտի»-ն հայտնվել է դաշտում, մահացածն ու վիրավորը անչափահասներ են
15 Նոյեմբերի 2026, 17:10
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Նորատուս-Գավառ ավտոճանապարհին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու հոգի տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, որոնցից մեկը՝ 15-ամյա Ռաֆայել Բ.-ն, ճանապարհին մահացել է։ Վիրավորը 17-ամյա Դավիթ Բ.-ն է։ Երկուսն էլ Գավառի ավագ դպրոցի աշակերտներ էին և դեպքից առաջ մասնակցում էին «Բայազետ հոլլ»-ում կազմակերպված հարսանեկան արարողությանը։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկներն ու քննչական խումբը։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պարզելու վարորդի և մեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։