Կովերի «շրջափակում» Հյուսիսային Մակեդոնիայում. հազարավոր անասուններ կաթվածահար են արել քաղաքը

15 Նոյեմբերի 2026, 18:00

Միջազգային

Հյուսիսային Մակեդոնիայի Կրիվա Պալանկա փոքրիկ քաղաքում ավելի քան հազար թափառող կով անվերահսկելի շրջում է փողոցներում՝ ահաբեկելով բնակիչներին, փակելով ճանապարհները, դառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ և ոչնչացնելով այգիներն ու ցանքատարածությունները։

Ինչպես հայտնում է Focus պարբերականը, խնդիրը ձգվում է արդեն չորս տարի։ Տեղացի ֆերմերների կողմից պահվող՝ սկզբնապես 400 գլխից բաղկացած նախիրը պատշաճ վերահսկողության բացակայության հետևանքով ավելի քան կրկնապատկվել է։ Իսկ երբ փետրվարին կենդանիների տերերը ձերբակալվել են անասունների բռնագրավմանը խոչընդոտելու համար, նախիրը պաշտոնապես անցել է պետության տնօրինության ներքո, սակայն մինչ օրս այդպես էլ չի տեղափոխվել։

«Եղջյուրավոր ներխուժմանը» վերջ տալու և կենդանիներին հավաքելու նպատակով քաղաքապետ Սաշկո Միտովսկին դիմել է կառավարությանը՝ կոչ անելով 30 օրով արտակարգ դրություն հայտարարել։