Ադրբեջանցի զինվորը 6 անգամ է կրակել Շաքիում, գումար և հեռախոս է հափշտակել. մանրամասներ
17 Նոյեմբերի 2026, 12:25
ՀՀ սահմանն ապօրինի հատած և Սյունիքի մարզի Շաքի բնակավայր ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը բնակելի տանը 6 կրակոց է արձակել, որոնցից մեկը դիպել է տան սեփականատիրոջը՝ Անի Ավետիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Նասիմի Մուսաևը սեպտեմբերի 26-ին ծառայություն է իրականացրել Լաչինի շրջանում տեղակայված մարտական դիրքերից մեկում։ Այդ ընթացքում նա հատել է հայ-ադրբեջանական սահմանը՝ ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով, և ապօրինի մուտք գործել Հայաստան։
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Մուսաևը հասել է Շաքի բնակավայր, ապօրինի մուտք գործել բնակելի տուն և այնտեղից հափշտակել բջջային հեռախոս, սմարթ ժամացույց, տաբատ, 9 հազար դրամ, բանկային քարտ և երկու ձախ կոշիկ։ Տան սեփականատիրոջը պատճառվել է ընդհանուր 26 հազար դրամի գույքային վնաս։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, տուն են վերադարձել այնտեղ բնակվող անչափահասներ Ռոզի և Քաջիկ Ավետիսյանները։ Մուսաևը, նրանց ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, ինքնաձիգով սպառնացել է երեխաներին, ստիպել նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել իրենց բջջային հեռախոսները։
Այնուամենայնիվ, Ռոզիին հաջողվել է զանգահարել մորը՝ Անի Ավետիսյանին, որը տեղեկանալով, որ տանը զինված մարդ կա, անմիջապես մեկնել է տուն։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մուսաևը, Անի Ավետիսյանին ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով և զենքի գործադրմամբ բնակարանի ներսում ինքնաձիգից արձակել է 6 կրակոց։ Դրանցից մեկը դիպել է կնոջ ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում։
Դրանից հետո Մուսաևը կնոջը գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։ Անի Ավետիսյանը ստացել է ծանր վնասվածքներ, այդ թվում՝ ազդրոսկրի բազմաբեկոր կոտրվածք, մկանների և նյարդանոթային խրձի վնասում, ինչպես նաև ձեռքի մատների լուրջ վնասվածքներ։
Դեպքից հետո ադրբեջանցի զինծառայողը դիմել է փախուստի և թաքնվել Շաքիի 6-րդ փողոցի 26-րդ տան հարակից անասնագոմում։ Նույն օրը՝ ժամը 16։15-ին, նա հայտնաբերվել և ձերբակալվել է։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մուսաևը ՀՀ տարածքում ապօրինի պահել և կրել է նաև իր մոտ եղած ինքնաձիգը, ռազմամթերքն ու սվին-դանակը։