Նոր Սահմանադրության քննարկումն անընդունելի է, եթե այն թշնամի պետության պահանջով է․ Լևոն Քոչարյան
18 Նոյեմբերի 2026, 12:25
Միշտ էլ կարելի է քննարկել ավելի լավ տեքստ, ավելի լավ Սահմանադրություն, բայց եթե դա թշնամի պետության պահանջով է արվում, անընդունելի է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն՝ անդրադառնալով իշխանությունների՝ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությանը։
Նրա խոսքով՝ եթե Սահմանադրության փոփոխության համատեքստում խնդիր դրված չլիներ Անկախության հռչակագրին հղումը հանելու հարցը, գուցե հնարավոր լիներ քննարկել նոր Մայր օրենքի ընդունումը։
«Եթե ամեն ինչ այլ համատեքստում լիներ, և խնդիր դրված չլիներ Անկախության հռչակագրի հղումը հանելու հարցը, միգուցե կարելի էր քննարկել նոր Սահմանադրությունը։ Կարծում եմ՝ միշտ էլ հնարավորություն կա գործող Սահմանադրությունն ավելի լավը դարձնելու, սակայն այն համատեքստում, որով այսօր փորձում են փոխել Մայր օրենքը, դա անընդունելի է»,-ընդգծել է Լևոն Քոչարյանը։