Ադրբեջանը լրացուցիչ գազային պաշարներ չունի, 15 տարվա գազն արդեն վաճառված է Եվրոպային․ Արա Մարջանյան

23 Նոյեմբերի 2026, 13:16

Տնտեսություն և Բիզնես

Վրաստանը Ադրբեջանից ստանում է ոչ թե բնական, այլ այսպես կոչված հարակից գազ, որը գոյանում է «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նավթային հանքավայրում նավթի արդյունահանման ընթացքում։ Այս մասին «Alpha Media» կենտրոնում քննարկման ժամանակ ասել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)՝ Հայաստանում էներգետիկայի հարցերով ազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Նրա խոսքով՝ նախնական ծրագրով այդ գազը պետք է հետ մղվեր Կասպից ծովի նույն հանքավայր՝ նավթի արդյունահանման ծավալները կայուն պահելու համար։ Սակայն, ըստ Մարջանյանի, ԱՄՆ-ի և Արևմուտքի ճնշման ներքո ծրագիրը չի իրականացվել, և հարակից գազը սկսել է մատակարարվել Վրաստան՝ Ռուսաստանից վերջինիս էներգետիկ կախվածությունը նվազեցնելու նպատակով։

Անդրադառնալով Ադրբեջանի գազային պաշարներին՝ Արա Մարջանյանը նշել է, որ տարածաշրջանում գազի զգալի պաշարներ ունեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, մինչդեռ Ադրբեջանը չունի ազատ գազային պաշարներ։

«Առաջիկա 15 տարիների ընթացքում Ադրբեջանի ամբողջ արտադրվող գազն արդեն վաճառված է Եվրոպային։ Լրացուցիչ պաշարներ՝ այն էլ 2.5 միլիարդ խորանարդ մետր ծավալով, Ադրբեջանը պարզապես ի վիճակի չէ մատակարարել»,- ընդգծել է փորձագետը։

Հիմա եթերում