Հայաստանի և Թուրքիայի էներգահամակարգերի տեխնիկական կապը դեռևս չի նշանակում համագործակցություն․ Արմեն Մանվելյան
23 Նոյեմբերի 2026, 12:29
Էլեկտրաէներգիայի արտահանման կամ ներմուծման վերաբերյալ հայտարարությունները պետք է դիտարկել տեխնիկական իրողությունների համատեքստում և ոչ թե որպես արդեն ձևավորված համագործակցության փաստ։ Այս մասին Alpha Media կենտրոնում քննարկման ժամանակ ասել է Էներգետիկայի և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը տեխնիկապես ունի էլեկտրաէներգետիկ կապեր Ռուսաստանի և Թուրքիայի ուղղություններով, սակայն դրանց առկայությունը դեռևս չի նշանակում, որ այդ երկրների հետ ձևավորված է լիարժեք էներգետիկ համագործակցություն։
Փորձագետի գնահատմամբ՝ խոսքը նախևառաջ տեխնիկական ենթակառուցվածքների մասին է, որոնք ունեն իրենց սահմանափակումներն ու պահանջները։
«էլեկտրաէներգիայի արտահանման կամ ներմուծման մասին հայտարարությունները որոշակիորեն PR բնույթ են կրում, քանի որ տեխնիկական հարցերը դեռ ամբողջությամբ լուծված չեն։ Անհրաժեշտ է տարբերակել էլեկտրահաղորդման համակարգերի տեխնիկական կապակցվածությունն իրական էներգետիկ համագործակցությունից»,- նշել է Արմեն Մանվելյանը։