Նոր Սահմանադրությամբ երկիրն ավելի ավտորիտար են դարձնում․ Լևոն Քոչարյան
25 Նոյեմբերի 2026, 12:32
Նոր Սահմանադրության նախագծի խնդրահարույց դրույթների մասին բարձրաձայնելը դեռևս չի նշանակում մտնել բովանդակային քննարկման մեջ։ Նախ անհրաժեշտ է արձանագրել, թե որքանով է նախագիծն անընդունելի արտաքին պահանջների համատեքստում, ապա անդրադառնալ նաև դրա մյուս խնդրահարույց դրույթներին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Կան բաներ, որոնք մեզ համար ակնհայտ են, բայց պետք է ընդունենք, որ մեր հասարակության մեջ կա մի մեծ զանգված, որի համար այդ ամենն այդքան ակնհայտ չէ, և անհրաժեշտ են լրացուցիչ փաստարկներ ու հիմնավորումներ՝ ցույց տալու այս ամենի իրական բնույթը»,- նշել է նա։
Լևոն Քոչարյանի խոսքով՝ նոր Սահմանադրությամբ ոչ թե բարելավում են իրավիճակը, այլ ընդհակառակը, երկիրն ավելի ավտորիտար են դարձնում։
«Սրանով ոչ թե ինչ-որ բան ավելի լավն են դարձնում, այլ հակառակը՝ ավելի վատն են դարձնում, ավելի ավտորիտար։ Այդ ամենն արվում է արտաքին պահանջով, առնվազն՝ Անկախության հռչակագրի մասով, իսկ մնացածն էլ իրենց ուզածն են խցկում»,- ասել է պատգամավորը։