Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Արցախի հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար
25 Նոյեմբերի 2026, 14:25
Եվրոպական խորհրդարանը չպետք է սահմանափակվի նոր բանաձևերի ընդունմամբ, այլ պետք է հասնի դրանց իրականացմանը՝ Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցում։ Այս մասին Alpha News-ին հայտարարել է Ֆրանսիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Մեզուրը՝ մեկնաբանելով Արցախի տարածքում հայկական պատմական հուշարձանների ոչնչացման շուրջ ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով՝ հայկական ժառանգության պահպանման, Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման հարցերը գործնականում անհետացել են Եվրախորհրդարանի օրակարգից։ Մինչդեռ Եվրամիությունը շարունակում է համաձայնագրեր կնքել Ադրբեջանի հետ։
Պատգամավորը հատուկ ուշադրություն է հրավիրել Heritage Caucasus Watch Association կազմակերպության գործունեությանը, որի միջոցով հնարավոր է իրական ժամանակում հետևել Արցախում հայկական մշակութային ժառանգության վիճակին և արձանագրել պատմական հուշարձանների ավերածություններն ու վնասումները։ Նրա խոսքով՝ լուրջ մտահոգության առարկա են ոչ միայն վանքերի և եկեղեցիների, այլև հայկական գերեզմանոցների համակարգված ոչնչացման դեպքերը։
«Հայկական ժառանգության պահպանման հարցում Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումն արդեն ձևակերպված է ընդունված բանաձևերում։ Այժմ գլխավոր խնդիրը եվրոպական կառույցներից և ԵՄ ղեկավարությունից դրանց իրականացումն ապահովելն է։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, թե ինչ կոնկրետ քայլեր են ձեռնարկում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ ընդունված որոշումների կատարումն ապահովելու համար։
Առանձին մտահոգություն է առաջացնում ադրբեջանական կողմի փորձը՝ հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը ներկայացնել որպես ալբանական՝ այդպիսով վերաշարադրելով տարածաշրջանի պատմությունը և ժխտելով այնտեղ հայկական պատմական ներկայությունը»,- ասել է նա։
Պատգամավորը տեղի ունեցողը որակել է որպես մշակութային ցեղասպանության դրսևորում՝ նշելով, որ նման գործողությունները պահանջում են եվրոպական կառույցների սկզբունքային արձագանքը։
Նա նաև հիշեցրել է սեպտեմբերին Արցախ այցելած միջազգային պատվիրակության այցի մասին, որի ընթացքում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի պատմության խեղաթյուրված տարբերակ՝ փաստացի ջնջելով հայկական պատմական ժառանգությունը։ Միևնույն ժամանակ, ԵՄ ներկայացուցիչները պատշաճ կերպով չեն դատապարտել Ադրբեջանի կողմից այլոց մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձերը։
Այս կապակցությամբ պատգամավորը գրավոր հարցում է ուղարկել Եվրահանձնաժողով՝ պահանջելով պարզաբանել կառույցի դիրքորոշումը պատմության վերաշարադրման և հայկական ժառանգության յուրացման վերաբերյալ։
«Եվրոպական կառույցները պետք է հայտարարություններից անցնեն կոնկրետ գործողությունների և ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների շրջանակում հստակ արտահայտեն իրենց անհամաձայնությունը պատմությունը վերաշարադրելու, հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և յուրացնելու քաղաքականությանը»,- ընդգծել է նա։