Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կա 3 տուժած
27 Նոյեմբերի 2026, 20:20
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, Արարատի մարզի Արտաշատ-Բերդիկ ավտոճանապարհին բախվել են «Ford Fusion» և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։
Տուժածներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, որից հետո դեպքի վայր են ժամանել «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ապա տեղափոխել հիվանդանոց։
Ահազանգով դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ՝ վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են իրականացրել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի և դասակի հրամանատարի տեղակալ Վասակ Առաքելյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Համլետ Մուշեղյանը և Սամվել Ասլանյանը։
Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակից վթարի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Դավիթ Բաղդասարյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի առթիվ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։