Տվերի Սուրբ Հարություն եկեղեցին

15 Սեպտեմբերի 2023, 09:25

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Տվերը հին ռուսական քաղաք է, խոշոր արդյունաբերական, գիտական և մշակութային կենտրոն։ Հայկական Սփյուռքը Տվերի մարզի հինգ ամենաբազմամարդ համայնքներից է, քանի որ այստեղ ապրում է մոտ 13 հազար հայ: Տվերի հայերն ապրում են համախմբված համայնքում, զարմացնում են քաղաքին ավանդույթներով և մշակութային տոներով։

2012թ. նոյեմբերին տեղի է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Հարություն եկեղեցու խաչերի օծումը: Տաճարի կառուցման համար ներդրվել է ավելի քան 60 մլն ռուբլի և Հայաստանից բերվել է 12 վագոն կարմիր տուֆ։ 2016 թվականին Սուրբ Հարությունն իր դռները բացել է ծխականների առջև, որոնց հիացնում է ներքին նրբաճաշակ հարդարանքը:

Այս տարվա փետրվարին տվերցի երիտասարդները նշել են հայկական «Տրնդեզ» տոնը: Սուրբ Հարություն եկեղեցու վանահայր Տեր Ներսես քահանա Խանանյանը ներկաներին պատմել է տոնի, նորապսակների օրհնության արարողության, խարույկի վրայով ցատկելու ավանդույթի մասին:

Տաճարային համալիրը ներառում է երկհարկանի առանձնատուն և խաչքար։