Աբրահամ Ռուսսո. ծագումով հայ երգչի դժվար կյանքի, կարիերայի ու Հայաստանի հանդեպ սիրո մասին

16 Սեպտեմբերի 2023, 10:30

Հայեր


Աբրահամ Ռուսսոն՝ Աբրահամ Ժանի Իփջիյանը, ծագումով հայ, ռուսական փոփ-երգիչ է, «Ոսկե գրամոֆոն» մրցանակի քառակի դափնեկիր։ Նա ծնվել է Հալեպ քաղաքում։ Երբ 7 տարեկան էր, հայրը մահանում է, և Աբրահամը մոր և եղբոր հետ տեղափոխվում է Փարիզ։ Ֆրանսիայում նա մասնակցում է երաժշտական տարբեր մրցույթների, հետո մի քանի տարի անցկացնում Լիբանանի փակ վանքում։ 16 տարեկան հասակից սկսում է գումար վաստակել ընտանիքի համար՝ երգելով սրճարաններում և ռեստորաններում։ Համալսարանն ավարտելուց հետո սկսում է երգարվեստ պարապել պրոֆեսիոնալ մակարդակով։

1999 թվականին՝ սրճարանում երգելու ժամանակ, Աբրահամին նկատում է ռուս գործարար, ռեստորանատեր Թելման Իսմաիլովը և հրավիրում Մոսկվա։ Այնտեղ ծանոթանում է պրոդյուսեր Իգոր Պրիգոժինի հետ, և սկսվում է Աբրահամի՝ պրոֆեսիոնալ երգչի կարիերան։ 2001 թվականին լույս է տեսնում նրա առաջին՝ «Amor» ալբոմը։

Աբրահամը տիրապետում է 11 լեզուների՝ հայերեն, հունարեն, արաբերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն և այլն։

Հայաստան ժամանելուն պես Աբրահամն իր հարցազրույցներից մեկում պատմել է հայրենիքից ստացած տպավորությունների մասին.

«Հայաստանում ինձ հիանալի եմ զգում, փառք Աստծո, ամեն ինչ լավ է, մի քանի օր է, ինչ այստեղ եմ, շատ լավ ժամանակ եմ անցկացնում հարազատներիս հետ, հանդիպեցի հին ընկերներիս, մարդկանց, որոնց ճանաչում էի դեռ Սիրիայում: Ամեն տարի գալիս ենք, լիցքավորվում էներգիայով, ազգային խոհանոցը, մայրենի լեզուն, հարգանքը շատ կարևոր է։ Ցավոք սրտի, առաջին անգամ եմ Գյումրիում։ Արդեն շատ տեղերում եմ եղել, բայց երբ գալիս եմ, հիմնականում գնում եմ Երեւան։ Գիտե՞ք, Երևանը կենտրոն է, բայց ինձ շատ դուր եկավ նաև Գյումրին։ Մեքենայով եկա այստեղ, նայեցի շուրջս, զգացի քաղաքի հայրենի ոգին, որն ինձ շատ դուր եկավ»։