ՌԴ-ն համաձայն չէ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համար Մոսկվային և խաղաղապահներին մեղադրելու փորձի հետ. Կրեմլ

25 Սեպտեմբերի 2023, 14:01

Քաղաքականություն

Ռուսաստանը համաձայն չէ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համար Մոսկվային ու ռուս խաղաղապահներին մեղադրելու փորձի հետ։Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը կշարունակի երկխոսությունը Հայաստանի, այդ թվում՝ Փաշինյանի հետ, բայց կտրականապես համաձայն չէ ռուս խաղաղապահներին ինչ-որ բանում մեղադրելու փորձերին», — ասել է նա՝ հավելելով, որ ռուս խաղաղապահներն Արցախում իսկական հերոսություն են ցուցաբերում, և ոչ ոք չի կարող նրանց մեղադրել իրենց պարտականությունները չկատարելու մեջ։

Խոսելով խաղաղապահների՝ Արցախում մնալու հեռանկարների մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ առայժմ դժվար թե որևէ մեկը կարողանա դա ասել։

«Մենք շարունակում ենք շփումները Բաքվի հետ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Ալիևի հանդիպումները, այդ թվում՝ Էրդողանի հետ, կնպաստեն Ղարաբաղում անվտանգության ապահովմանը և կյանքի նորմալացմանը։

Ըստ Պեսկովի, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ծրագրեր դեռ չկան։ Ռուսաստանը, ըստ նրա, դեմ է տարածաշրջանում իրենց ներկայությունը հաստատելու այն երկրների փորձերին, որոնք չունեն Ղարաբաղի հարցում միջնորդական ներուժ։