Երեսպաշտ Արեւմուտքի վրա հույս դնելով՝ այս խմբակը դիտավորյալ թշնամացավ Ռուսաստանի հետ. Արթուր Խաչիկյան

03 Հոկտեմբերի 2023, 21:15

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունը դիտավորյալ փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, թշնամացել, ինչը ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն Հայաստանի հասարակության, այլեւ Ռուսաստանում ապրող մեր ազգակիցների համար:

Հայ-ռուսական հարաբերությունները խզելուն ուղղված գործընթացներից մեկն էլ, ըստ Արթուր Խաչիկյանի՝ Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն է: Իշխող խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» այսօր կողմ քվեարկեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու նախագծին: Ռուսաստանի դեմ ուղղված այս եւ այլ գործընթացները քաղաքագետի խոսքով՝ բացասական հետեւանքներ են ունենալու հայ ժողովրդի համար:

«Արտահանումը Ռուսաստան՝ սահմանափակվելու է, վիզային ռեժիմ է մտցվելու, սահմանափակելու են հայերի իրավունքները Ռուսաստանում, սահմանափակվելու են Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտները, գազի գինը բարձրանալու է, ատոմակայանը փակվելու է: Մենք վերադառնալու ենք 1990-ականներ, երբ մոմի լույսի տակ էինք գործ անում, ցրտից՝ փաթաթված քնում, դժոխքը հետ է գալիս: Ժամանակին մենք զգուշացնում էինք սրա մասին: Ստացվում է՝ այն բոլոր սխալները, որոնք արել են վրացիները եւ պատժվել, իսկ հիմա էլ հետ են կանգնում, մենք ենք հիմա կրկնում: Ի դեպ, 2022թ. փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց բացել Լաչինի միջանցքը, Ադրբեջանը բացե՞ց միջանցքը, ո՛չ, ստացվում է, որ Հռոմի ստատուտին միանալը մեզ ոչինչ չի տալու»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Արթուր Խաչիկյանը:

Արթուր Խաչիկյանը համոզված է, որ լարվածություն ստեղծելով Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ իշխանությունը հույս էր կապում միացյալ Արեւմուտքի հետ, բայց Արցախի հայաթափումը վառ օրինակն է Արեւմուտքի՝ իրադարձություններին լուռ հետեւելուն եւ ոչ մի կանխարգելիչ գործողության չդիմելուն:

«Պետդեպի ներկայացուցիչն ասում է, որ եթե Արցախում եղել են էթնիկ զտումներ, ապա Ամերիկան ինչ-որ բան կձեռնարկի, այսինքն՝100 000 քաղաքացու բռնի տեղահանումը, սպանվածների լուսանկարները բավարար չեն ԱՄՆ-ի պետդեպի համար, որպեսզի ասի՝ այնտեղ էթնիկ զտումներ են եղել: Իսկ Եվրոպան հայտարարեց, թե հայերը դուրս են եկել Արցախից, այսինքն՝ չասաց, որ դուրս են քշվել կամ էթնիկ զտման են ենթարկվել, ՄԱԿ-ի ներկայացուցիչն էլ երեկ ասաց, թե որեւէ ուժ չի գործադրվել քաղաքացիական օբյեկտների վրա, մարդկանց դեմ: Սա է նրանց ծախու, երեսպաշտ կեցվածքը: Եվ նրանց վրա հույս դնելով՝ իշխանությունները ջախջախեցին Ռուսաստանի հետ հարաբերությունները, արդյունքում՝ Հայաստանը ոչինչ չստացավ Միացյալ Արեւմուտքից, փոխարենը՝ ամեն ինչ կորցրեց»,- ասաց Խաչիկյանը:

Ստեղծված իրավիճակում քաղաքագետը կարծում է, որ վտանգի տակ է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հաջորդիվ հարձակվելու է Սյունիքի ուղղությամբ՝ «Զանգեզուրի» միջանցքը ստանալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: