Դժոխքի միջով անցած արցախցիները Հայաստանում մնացել են բախտի քմահաճույքին

05 Հոկտեմբերի 2023, 12:15

Քաղաքականություն

Սոնյա Աբալյանը զավակներ չունի, ամուսնու հետ Երևանում են, ժամանակավորապես, ըստ նրա բարի մարդկանց տանն են տեղավորվել, սակայն գնալու տեղ չունեն, մատչելի վարձավճարով բնակարան են փնտրում, բայց չեն գտնում:

Շարունակվում է Արցախից բռնի տեղահանված հայերի աջակցության քաղաքացիական նախաձեռնությունները, որոնցով անհատներն ու բազմաթիվ կազմակերպություններ փորձում են ձեռք մեկնել նրանց ու սփոփել վիշտը: Alpha News-ը նկարահանող խումբը մի քանի ժամ անցկացրել է աջակցության կենտրոններից մեկում և լսել արցախցիների մտահոգությունները:

Alpha News-ը զրուցել է ծնունդով Հադրութից Մարտունու 17 տարվա բնակիչ Սոնյա Աբալյանի հետ, որն Արցախի ամենապահանջված անասմաբույժերից մեկն է եղել: Արցունքները չի կարողացել զսպել, երբ վերհիշել է ավելի քան 40 ժամ տևած բռնագաղթի ճամփան:

«Ընդմիջման ժամն էր, երբ եկանք տուն՝ սկսեցին կրակահերթ բացել մեր գյուղի ուղղությամբ, անմիջապես ապաստարանում թաքնվեցինք, փախչելիս ընկա ոտքս կոտրեցի»,- արցունքները կոկորդում պատմել է կինը:

«Մարտունիում ամեն ինչ ունեինք, մեկ օրում ամեն ինչ կորցրեցինք, բայց դա դեռ աքիս չի գալիս: Երիտասարդների գերեզմաններն այնտեղ մնացին»,- նշել է Սոնյան:

Alpha News-ը զրուցել է նաև մայիսի 9-ին ծնված 30-ամյա արցախցի Նժդեհի հետ, որը բոլորին խնդրում է չմոռանալ Եռաբլուրում պառկած հերոսներին.

«Մենք կռվել ենք մինչև վերջ: Այսքան տարի, որ Արցախ ենք ունեցել, ապա դա եղել է միայն հայկական բանակի շնորհիվ»,- ընդգծել է երիտասարդը, որը սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ եղել է դիրքերում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում