Պետության ճակատագրի հետ չի կարելի խաղալ. Էդգար Ղազարյանը՝ TRIPP համաձայնագրի վավերացման մասին

27 Հոկտեմբերի 2026, 17:58

Քաղաքականություն

Որոշակի առումով սա պատմական հնարավորություն է՝ «TRIPP» համաձայնագրի վավերացման քվեարկությունից առաջ վերջին անգամ կոչով դիմելու պատգամավորներին, որ ոչ մի պարագայում չվավերացնեն այն։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ համաձայնագրի վավերացումը ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում կարող է այնպիսի հետևանքներ ունենալ, որը «մեծ մեղքի տակ կարող է դնել մի քանի սերունդների»։

«Ես խնդրում եմ՝ լուրջ վերաբերվեք այս ամենին։ Պետության ճակատագրի հետ խաղ չեն խաղում»,- նշել է նա։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանց տրամադրվածությունը չի փոխվել։

Պատմական զուգահեռներ անցկացնելով՝ նա նշել է, որ Գերմանիայի և Լեհաստանի միջև խաղաղություն հաստատվել է միայն այն ժամանակ, երբ Գերմանիայի դաշնային կանցլերը ծնկի է իջել Վարշավայում՝ Հոլոքոստի հուշարձանի առջև։

«Էրդողանն ու Ալիևը ծնկի չեն իջել. նրանք մեզ են ծնկի բերում, ցավոք սրտի, ձեր առաջնորդի տեսքով»,- նշել է պատգամավորը։