«Անվերջանալի ճանապարհ էր»․ արցախցի եռյակի և նրա ընտանիքի բռնագաղթի պատմությունը

06 Հոկտեմբերի 2023, 00:15

Հայեր

Մայիսի 25-ին շրջափակված Արցախում ծնված եռյակ տղաները՝ Հենրին, Տիրանն ու Տարոնը, այժմ Երեւանում են՝ ընտանիքի մյուս 6 անդամների հետ։ 

Սեպտեմբերի 25-ին Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից բռնի տեղահանված ընտանիքը մի քանի օր է՝ խորհրդաշնական հասցեում է ապրում։ Այդինյանների 9 հոգանոց ընտանիքը վարձով տեղավորվել է «Էրեբունի» վարչական շրջանի Արցախի փողոցի շենքերից մեկի 2 սենյականոց բնակարանում։

Եռյակ տղաների, 12-ամյա Արեգի ու 10-ամյա Լիայի մայրը՝ Գայանե Այդինյանը, Alpha News-ի հետ զրույցում  պատմում է շրջափակման պայմաններում եռյակ լույս աշխարհ բերելու, հետծննդաբերական դժվար պայմանների, պատերազմի, դրա անսպասելի ու ողբերգական ավարտի մասին։ 

«Երեխաների անհաս ծնվելու պատճառով մեկ ամիս անց, միայն, մենք դուրս գրվեցինք հիվանդանոցից, այդ ժամանակ Արցախն արդեն լիակատար շրջափակման մեջ էր։ Իրավիճակն ավելի ծանր էր, քան նախկինում, երբ Հայաստանից բեռներ էին տեղափոխվում։ Կաթնախառնուրդի կարիք կար, ես ամեն գիշեր մտածում էի, թե վաղը որտեղի՞ց պետք է գտնեմ դրանից։ Մտահոգությանս մյուս պատճառն էլ այն էր, որ հանկարծ պատերազմ չսկսվի, բայց սկսվեց, Արցախը պետք է լքեինք։ Մեր մեքենայով ճանապարհ ընկանք, թվում էր՝ անվերջանալի ճանապարհ է, երեխաներիս չեմ փրկելու, երկու օրում նոր հասանք Սիսիան, երեխաների հետ դժվար էր, բայց հերթն առաջ տալ հնարավոր չէր, մի հյուրընկալ ընտանիք մեզ ընդունեց իր տանը, մի քանի օր մնացինք էդտեղ՝ մինչեւ երեխանեը լավացան ու նորից ճանապարհ ընկանք, եկանք Երեւան»,- պատմում է Գայանեն։ 

Գայանեի սկեսրայրը՝ 64-ամյա Վլադիմիր պապը, երկու խոշոր պատերազմ է տեսել։ Հպարտանում է՝ ոչ մի բանից չեմ վախեցել, իսկ հիմա հեռու իր տնից-տեղից,  ինչպես ինքն է ասում՝ «դիլխոր» է։ 

Կինը՝ տիկին Կարինեն, չէր ուզում դուրս գալ Խնուշինակից, ուր ամփոփված է որդու աճյունը։ Ստիպված, հանուն մյուս երկու որդիների ու թոռնիկների փրկության, լքեցին գյուղը։ 

«Արցախում ամեն ինչ ենք թողել` տղաներիս համար սարքած տները, մեր այգիները։ Մեզ հետ շոր ենք բերել ու անկողին։ 10-ը ամիս շրջափակման մեջ էինք, ու չնայած սննդի պակաս կար, մեզ լավ էինք զգում, ապրում էինք մեր հայրենիքում, մեր տանը։ Դժվարությմաբ եկանք, ճանապարհին հացը կուլ չէր գնում, իսկ արբեջանական անցակետերում մեզ նկարում էին, ստուգում մեքենաները»,- պատմում է տիկին Կարինեն, որը մինչեւ հիմա հիշում է թշնամու ահաբեկող հայացքները։ 

Այդինյանների ընտանիքն օգնության կարիք ունի։ 2 սենյականոց բնակարանի հյուրասենյակի մի անկյունում Վլադիմիր պապի ու կնոջ անկողինն է հավաքած։ Մահճակալներից բացի, եռյակ տղաներին էլ օրորոց է պետք։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում