«Անկլավները»՝ հայկական պետականության տակ գտնվող նոր մեծ ական

09 Հոկտեմբերի 2023, 23:00

Քաղաքականություն

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում ԵՄ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ հանդիպմանը ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.6. հազար քառ. կմ. շրջանակներում:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Գրանադայի գագաթնաժողովին և այդ պատճառով էլ իր ստորագրությունը չի դրել Հայաստանի տարածքը 29,8 հազար քառ. կմ. շրջանակներում ճանաչման մասին և նշենք, որ ադրբեջանական նշված 86,6 հազ. կմ շրջանակներում, բացի Լեռնային Ղարաբաղից, կան նաև այսպես կոչված «անկլավներ», որոնք Հայաստանի Հանրապետության կազմում են անցյալ դարի 1990-ական թվականներից։

Հայաստանի կողմից «անկլավները» Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին թեզը անմիջապես փորձ է արվել հերքել դե-ֆակտո իշխանությունների քարոզչամեքենայի կողմից (շարքային ֆեյքերից մինչև վարչապետի աշխատակազմի ղեկավար), սակայն Նիկոլ Փաշինյանն՝ ինքը, դեռ 2023 թվականի մայիսի 21-ին, իր ասուլիսի ժամանակ, միանշանակ հայտարարել էր, որ «Ադրբեջանում 86,6 հազ. կմ. ներառում է նաև «անկլավներ»:

Փաշինյանի կողմից «անկլավները» Ադրբեջանի կազմում ճանաչելուց երկու օր անց Իլհամ Ալիևը զանգահարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և նշել, որ «Ադրբեջանի ութ գյուղ դեռ գտնվում է Հայաստանի «օկուպացիայի» տակ»։ Ալիևը նաև խոսել է այս գյուղերի «ազատագրման» անհրաժեշտության մասին։ Ինչպես տեսնում եք, Փաշինյանի քարոզչամեքենայի բացահայտ սուտը մեկ շաբաթ էլ չապրեց, և պաշտոնական Բաքուն հաստատեց իր հավակնությունները Հայաստանի մի շարք տարածքների նկատմամբ։

1990-ականների պատերազմի ժամանակ Հայաստանին հաջողվել էր Ադրբեջանից ազատագրել մոտ 60 քառակուսի կիլոմետր տարածք, ներառյալ Վերին Ոսկեպար, Տիգրանաշեն, Սոֆուլու և Բարխուդարլու «անկլավները» , նաև Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հարևանությամբ ադրբեջանաբնակ մի քանի գյուղ ու Սարիգյուղի հարևանությամբ մի փոքրիկ տարածք։

Նույն ժամանակ Ադրբեջանը Հայաստանից գրավել էր մոտ 71 ք․ կմ տարածք, որի մեջ մտել են Արծվաշենը (51ք․ կմ), Բերքաբերին պատկանող տարածքը (12 ք․ կմ), ինչպես նաև Տավուշի մարզի Սևքարի մոտակա տարածքը (մոտ 5 ք․ կմ) և այլ որոշ վայրեր։

Փաշինյանի կողմից Գրանադայում հռչակագրի ստորագրումը և Միշելի հետ զրույցում Ալիևի հայտարարությունը հայ-ադրբեջանական նոր էսկալացիայի անոնս են։

Ժամանակակից հայկական պետության համար Երեւանի վերահսկողության տակ գտնվող «անկլավները» ռազմավարական տեսանկյունից շատ ավելի կարեւոր են, քան Արծվաշենը։ Հայկական Տիգրանաշենով է անցնում Հայաստանի կենտրոնական հատվածը Սյունիքի, Արցախի և Իրանի հետ կապող կարևորագույն միջպետական մայրուղին։

Եթե Տիգրանաշենը հանձնվի, Հայաստանը միայն մեկ ճանապարհ կունենա դեպի Արցախ և Իրան՝ Վեդի գյուղով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կստանա Հայաստանի կենտրոնական հատվածի վրա հարձակման անհրաժեշտ ցատկահարթակ և իր համար նվազագույն սպառնալիքի դեպքում (նույնիսկ մտացածին սպառնալիքի դեպքում) կկարողանա կտրել Սյունիքը երկրի մնացած հատվածից։

Ինչ վերաբերում է Ոսկեպարին, ապա դրանով է անցնում դեպի Վրաստան մեր միջպետական ճանապարհը, որի տարածքի նկատմամբ վերահսկողության կորուստը սպառնում է Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ գծով Վրաստանից Հայաստան գազատարի ֆիզիկական գոյությանը։ Խողովակը կլինի ադրբեջանական հրթիռային համակարգերի անմիջական հասանելիության սահմաններում։ Այդ տարածքների կորուստը հսկայական ռիսկեր է պարունակում և նվազեցնում է հայկական պետության համար կանխատեսելիության հորիզոնը՝ լոգիստիկ քաղաքականության կառուցման, տրանսպորտային հանգույցների կառուցման գործում, ինչպես նաև կարող է հանգեցնել էներգետիկ շրջափակման։

Ալիևին «անկլավներ» են պետք, որպեսզի Հայաստանը դնի նույն շրջափակման մեջ, որում նա 10-ը ամիս պահեց Արցախը։ Փաշինյանը շտապում է ազատվել դրանցից՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական տեսքը փոխելու գործընթացն ավարտին հասցնելու ցանկությամբ։

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ եթե շուտով խաղաղ ճանապարհով չստանա «անկլավները», կարող է ռազմական ուժ կիրառել Հայաստանի դեմ (ինչը փաստացի բացահայտ կերպով հաստատեց ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, որը հայտարարեց, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան): Ակնհայտ է, որ իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում Նիկոլ Փաշինյանը կրկին չի ընդունի նոր ողբերգության պատասխանատվությունը և կատարվածի մեղավոր «կնշանակի» Ռուսաստանի Դաշնությանն ու ՀԱՊԿ-ին։

Փաշինյանը և իր քարոզչամեքենան կհայտարարեն, որ «դաշնակիցները չեն օգնել Հայաստանին պաշտպանել Երևանի կողմից Ադրբեջանի կազմում ճանաչված տարածքները», որից հետո ՀԱՊԿ-ից դուրս գալու ավելի բաց և արագ գործընթաց կսկսվի: Բայց գործընթացն այսքանով չի դադարի, և շուտով երկրից կարող են դուրս բերվել 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահները։
Երբ այս գործընթացն ավարտվի, և Հայաստանի «անվտանգության գմբեթն» ամբողջությամբ քանդվի, այն ժամանակ ոչինչ չի խանգարի Բաքվին և Անկարային ճնշում գործադրել պաշտոնական Երևանի վրա՝ ստորագրելու համար նույնաբովանդակ փաստաթուղթը, որը սեպտեմբերի 28-ին ստորագրել էր Սամվել Շահրամանյանը։ Այսինքն՝ փաստաթուղթ պետականության լուծարման մասին, բայց արդեն Հայաստանի Հանրապետության պետականության մասին է խոսքը։

Ահա, թե՛ ինչու «անկլավների» պատմությունը ական է հայոց պետականության տակ…