Երբ սխրանքն ընկալվում է իբրեւ լեգենդ. համբավավոր մարզիկն ու փրկարար հայորդին

20 Մայիսի 2023, 01:00

Հայեր

«Ներքևում տեսանելիությունը զրոյական էր: Իսկ ես անընդհատ մոտ 10 մետր սուզվում էի, բարձրանում ու առանց մեկ րոպե շունչ քաշելու կրկին սուզվում: Սուզորդը պետք է 5 անգամ խորը շնչի ու կրկին մտնի ջուրը, իսկ ես, փաստորեն, բնությանը դեմ էի գնում:

Վերջում արդեն լրիվ ուժասպառ էի եղել: Հերթական անգամ, երբ ջրից դուրս եկա, նկատեցի, որ ձեռքերիս մեջ տրոլեյբուսի կաշվե նստատեղն էր: Ես նայեցի ու հասկացա, որ իմ սխալի պատճառով մի կյանք քիչ փրկեցի: Այդ բարձիկը մեկ անգամ չէ, որ իմ երազում հայտնվել է, այն ինձ երբեք հանգիստ չի տվել…»:

Լեգենդար մարզիկի՝ սուզալող մարզաձևում աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի, Եվրոպայի 13-ակի, ԽՍՀՄ 7-ակի չեմպիոնի այս վերհուշը 1976 թ. սեպտեմբերի 6-ին Երևանյան լճում տեղի ունեցած ողբերգական իրադարձության մասին է, երբ 70 կմ ժամ՝ տրանսպորտային այս միջոցի համար անսովոր  արագությամբ, 92 ուղևորներով խցկված տրոլեյբուսը հանկարծ կտրուկ բեկումով թեքվում, շպրտվում է դեպի լիճը և սկսում դանդաղ ընկղմվել: Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրա 20 կմ վազքը.

«Ես համոզված եմ, որ մեզ վերևից ինչ-որ ուժեր են շարժում: Այդ օրը ես պետք է լինեի Հանովերում ու մասնակցեի աշխարհի առաջնությանը: Բայց ինձ չվերցրին հավաքական, և ես վերադարձա Երևան:

Ինձ խոսք տվեցի, որ ԽՍՀՄ-ի առաջնություններում այլևս ոչ ոքի թույլ չեմ տալու չեմպիոն դառնալ ու կրկին լինելու եմ թիմի կազմում: Ինքնաթիռից իջել եմ ու միանգամից անցել մարզումների: Այդ օրն էլ աշխատում էինք հենց Երևանյան լճի մոտ…»:

Չեն վերցրել հավաքական, և ի՜նչ բարեբախտություն էր երկու տասնյակ փրկված մեր հայրենակիցների համար, որ աշխարհի բացառիկ սուզալողորդներից մեկին, չգիտես ինչ պատճառաբանությամբ, Մոսկվայում մերժել էին մեկնել Հանովեր:

Եվ վերստին համոզվում ես, որ գոնե այս պարագայում նախախնամության «մատը» հաստատապես «խառն» է, և որ իրոք «մեզ վերևից ինչ-որ ուժեր են շարժում…»: Նորից լսենք հերոսին.

«Մենք մոտ 25 մետր հեռու էինք: Ահավոր աղմուկ լսվեց, թոզ ու դուման եղավ: Բոլորով վազեցինք, սակայն ես արգելեցի երիտասարդներին մտնել ջուրը: Ասացի, որ միայն եղբայրս՝ Կամոն գա ինձ հետ: Գիտեք, խորտակվող մարդը չի հասկանում ոչինչ ու իր հետ կարող է խեղդել նաև լող իմացողին:

Չէի կարող ռիսկի ենթարկել այդ երիտասարդներին: Մենք մտանք լիճը, Կամոյին թողեցի վերևում, իսկ ես սուզվեցի: Կամոն նույնպես բարձրակարգ սուզորդ էր, և եթե ինձ էլ ինչ-որ բան պատահեր, միայն նա կարող էր իմ հետևից սուզվել…»:

Իր խոստովանությամբ՝ այդ պահին նա քաջ գիտակցում էր, թե ինչ քայլի է գնում, գիտեր իր՝ պրոֆեսիոնալ սուզորդի հնարավորություններն ու ուժերի սահմանները՝ վեց րոպե կարողանում է պահել շունչը և որքան ժամանակ կունենա չխորտակվելու, ողջ մնալու համար.

«Ես այնքան վստահ էի իմ ուժերին, որ չէի կասկածում ինչ-որ բան սխալ անելու վրա: Իհարկե, հասկանում էի, որ բոլորին չեմ կարող օգնել, դրա համար որքան հնարավոր է՝ արագ էի փորձում աշխատել:

Կամոն ջուրն էր մտնում մոտ երկու մետր, իմ ձեռքից վերցնում մարդկանց ու բարձրացնում վերև: Այնտեղ էլ աշխատում էին թիավարողների թիմի անդամները, ովքեր ափ էին հանում նրանց: Ափին մեր մարզիչն էր, հետո հայրս էր եկել:

Լճին մոտ ավտոպարկ կար, վերամբարձ կռունկներն էլ մարդիկ էին արագ հասցրել, մոտիկ հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմն էր վազել…»:

Րոպեների ընթացքում հարյուրավոր մարդիկ են հավաքվում Երևանյան լճի մոտ: Մարդիկ չեն իմանում, թե ով է այդ երիտասարդը, որ անընդհատ սուզվում է ու նոր կյանքեր փրկելով՝ ընդամենը մի պահ հայտնվում ջրի երեսին:

Ողբերգության վայրում  էր նաև ջրասուզակ եղբայրների հայրը, ով շունչը պահած հետևում էր սիրասուն զավակներին և, իր իսկ խոստովանությամբ՝ Շավարշի յուրաքանչյուր սուզման հետ գրեթե կորցնում գիտակցությունը…

Շավարշ Կարապետյանի գերմարդկային ջանքերի շնորհիվ մահվան զնդանի վերածված տրոլեյբուսից դուրս է բերվում 23 մարդ: Նրանցից 20-ը ապրում են: Փրկվածների ընդհանուր թիվը հասնում է 46-ի, նույնքան թվով մարդկանց չի հաջողվում փրկվել:

Տրոլեյբուսը ջրի տասը մետր խորությունից հանվում է 45 րոպեում: Աշխատանքներին մասնակցում են փրկարարները, լճում մարզվող թիավարները, բժիշկները: Ինչպես աշխարհաճանաչ մարզիկն է պատմել՝ վերամբարձ կռունկի վարորդներից մեկը, որը չի էլ իմացել լողալ, նետվել է ջուրը՝ մարդկանց փրկելու համար.

«Այդպիսի պահերին մարդկանց ավելի շատ ես սիրում, քան առաջ…»:

Մարդկանց հանդեպ ունեցած սերն էր նրան մղել աննախադեպ սխրագործության: Բայց այդ սխրանքը ծանր գին էր պահանջելու՝ խաթարվում է նրա առողջությունը. ափ դուրս գալուց հետո նկատում է, որ մարմնի վրա բացված վերքեր կան:

Հայրը նրան ու Կամոյին տանում է տուն և անմիջապես բժիշկ կանչում: Մանավանդ Շավարշը շատ ծանր վիճակում է եղել՝ արյան վարակում և թոքերի բորբոքում, հոգեբանական տանջող ապրումներ:

Հայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, պատմել է, որ երկու որդին էլ տևական երկար ժամանակ անհանգիստ էին քնում, չէին վերագտնում նախկին հանգստությունը: Այդ ժամանակ Շավարշը 23 տարեկան էր, Կամոն՝ 19…

Շուրջ երկամսյա բուժումից հետո հանրահայտ սուզալողորդը վերսկսում է մարզումները, սակայն առողջական խնդիրները զգացնել են տալիս առաջին իսկ պարապմունքներից.

«Հանկարծ զգացի, որ 21 մետրի փոխարեն 10 մետրից ավելի չեմ կարողանում լողալ: Տեսա, որ առողջությունս էլ առաջվանը չէ: Սակայն ցանկանում էի ևս մեկ մեդալ նվաճել, նոր միայն թողնել սպորտը»:

Վճիռը կայացված էր: Կատարվածից մեկ տարի անց նա արդեն նախկին Միության գավաթի եզրափակիչում էր և պետք է ելույթ ունենար չորրորդ լողաերթում: Իրենից առաջ գրանցվում է երեք ռեկորդ, հաջորդը ինքն էր:

«Ինչ պետք է անեի, այլընտրանք չկար: Ինքս ինձ ասացի, որ եթե չհաղթես, բոլոր տիտղոսներդ անիմաստ կլինեն,- ասել է իր հարցազրույցներից մեկում:- Հավաքեցի ողջ ուժերս ու թռա ջուրը: Քիչ անց ռեկորդն ինձ էր պատկանում, չեմպիոնական մեդալը՝ նույնպես:

Կամոն թռավ ջուրը ու գրկեց ինձ: Բայց արդեն եկել էր սպորտը թողնելու ժամանակը՝ առողջությունս չէր ներում:

Բացի այդ էլ, այդ դեպքից հետո մի տեսակ տանել չէի կարողանում ջուրը: Սպորտից հեռանալուց հետո երկար տարիներ ընդհանրապես չեմ փորձել լողալ, նույնիսկ ծով չեմ գնացել…»:

Համբավավոր մարզիկի կյանքում մարդկանց օգնության հասնելու դեպքեր բազմիցս են եղել: Դրանցից մեկը 1985-ին տեղի ունեցած հրդեհի ժամանակ էր:

Այդ  պահին  նա մարզահամերգայինի շրջակայքում է լինում և առանց երկար մտածելու, միանում է տարվող աշխատանքներին.

«Սա անհամեմատ դժվար էր ինձ համար, որովհետև հրշեջի գործին չէի տիրապետում: Վազվզում ու չէի հասկանում, թե ինչ անել:

Երբ դուռը բացեցին, տեսա, որ ներսում կրակ գրեթե չկա: Հրշեջներին խնդրեցի ջրի խողովակն ինձ փոխանցել, բայց ևս մի մարդ էր պետք, որպեսզի այն երկուսով կարողանայինք պահել: Ոչ ոք չէր համաձայնում:

Վերջապես մի տղա միացավ ինձ, ու միասին մտանք ներս: Կրակի վտանգավոր հատվածը մարեցինք, ու հրշեջների աշխատանքը հեշտացավ: Չեմ մոռանա մուգ նարնջագույն կրակն ու ահավոր դղրդյունը… Այլևս ոչինչ չեմ հիշում»:

Երևանյան լճում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ առավել քան տարածվում է Շավարշ Կարապետյանի համբավը, մարդիկ սկսում են նամակներ  ուղարկել մեծանուն մարդուն ու սպորտի համաշխարհային տիտղոսակրին՝ «Երևան, Շավարշ Կարապետյանին» պարզ հասցեով:

Ավելի քան 70 հազար նամակ է ստանում նշյալ տան հասցեով.

«Ես երբեք չեմ փորձել գտնել իմ փրկած մարդկանց՝ չէի ցանկանում նրանց ցավը կրկին հիշեցնել: Բայց իրենք շատերը գտան ինձ, եկան շնորհակալություն հայտնեցին…»:

Եվ դա մարդկային է ու բնական՝ չէ՞ որ նա էր մահվան դժոխքից ազատել ու նոր կյանք պարգևել երախտագետ այդ մարդկանց: Կյանք պարգևել՝ սաստիկ վտանգելով սեփական կյանքը:

Շավարշ Կարապետյանն այսօր բոլորում է իր 70-ամյակը: Շնորհավորենք հռչակավոր մարզիկին, մեծն փրկարարին, որին այնքա՜ն պատշաճ կլինի հայրենիքի ամենաբարձր կոչմանն արժանացնելը…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ